Կայքը վերաթողարկման փուլում է

ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ

Այսօր մարդկությունը կանգնած է համամոլորակային մի շարք մարտահրավերների առաջ:  Երկիր մոլորակի բնակչության աճն առարկայորեն խթանեց տնտեսության թռիչքային զարգացում, որն անխուսափելիորեն ուղեկցվում է բնական ռեսուրսների լայնածավալ օգտագործմամբ: Հայաստանի Հանրապետությունը չէր կարող զերծ մնալ համամոլորակային նման զարգացումներից: Սակայն համաշխարհային առաջադեմ փորձը փաստում է, որ կարելի է օգտվել բնական ռեսուրսներից` նվազագույն վնաս հասցնելով շրջակա միջավայրին: Կայուն զարգացում ապահովում են այն երկրների տնտեսությունները, որոնք պատշաճ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը: Մեր պատմական բնօրրանից մեզ բաժին հասած այս հատվածի հարուստ կենսաբազմազանության պահպանությունը և սերունդներին փոխանցումը բոլորիս սուրբ պարտականությունն է, թե պետության լիազոր մարմնի, թե հասարակական կազմակերպությունների և  թե հասարակության լայն շերտերի: ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքը լրացուցիչ հարթակ է բնապահպանական խնդիրների վերհանման, դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և լուծումներ տալու համար: Այն կարևոր գործիք է պետական քաղաքականության և հասարակական պահանջի համադրման և պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության համար: Բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծման կարևորագույն նախադրյալներից է դրանց մասին հանրության լայն շերտերի իրազեկումը և բնապահպանական որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունը, ինչը խթանելու առաքելություն ունի պաշտոնական կայքը: Շահագրգիռ բոլոր կողմերին և անհատներին կոչ եմ անում ՀՀ բնապահպանության նախարարության հետ ակտիվ փոխգործակցության` բնապահպանական խնդիրներին արագ արձագանքման և դրանց արդյունավետ լուծման նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարար` Արծվիկ Մինասյան

<
>