Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի /UNEP/ և Օզոնի քարտուղարության կողմից

03-09-2012

Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի /UNEP/ և Օզոնի քարտուղարության կողմից ` շնորհվել է պատվոգիր` <<Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին>> Մոնրեալի արձանագրության 25-ամյակի կապակցությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարությունն այս բարձր պատվին է արժանացել գալիք սերունդների համար օզոնային շերտը պահպանելու գործում էական ներդրման, օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինմանն ուղղված շարունակական և հետևողական աշխատանքի շնորհիվ: Հիշենք հիմնական ձեռք բերումներն այս ոլորտում.

1999թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է <<Օզոնային շերտի պահպանության նասին>> Վիեննայի կոնվենցիան, <<Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին>> Մոնրեալի արձանագրությունը և պարտավորվում մինչև 2010թ. 100%-ով դուրս բերել գործածումից օզոնաքայքայիչ առավել վտանգավոր նյութերը:

2003թ. վավերացվում են Արձանագրության Լոնդոնյան և Կոպենհագենյան, իսկ 2008թ.` Մոնրեալյան և Պեկինյան ուղղումները:

2006թ. ընդունվում է <<Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին>> ՀՀ օրենքը, իսկ 2007թ.` այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը:

2005-2007թթ. առևտրային սառնարաններ արտադրող <<ՍԱԳԱ>> և աերոզոլներ արտադրող <<Հայկենցաղքիմ>> գործարաններում փոխարինվում են օզոնաքայյքայիչ նյութերով աշխատող հոսքագծերը, ուսուցանվում և համապատասխան սպասարկման սարքավորումներով են ապահովվում սառնարանային և օդի կոնդիցիոնացման սարքավորումների 712 վարպետներ, ուսուցանվում են 112 մաքսային ծառայողներ` օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով:

Հանրապետության ամբողջ տարածքում իրազեկման բազմաթիվ և բազմաբնույթ սեմինարներ են անցկացվում օզոնային շերտի պահպանության մասին: Սեմինարներն ուղեկցվում են միջոցառումների մասնակիցներին համապատասխան գրականության և հուշանվերների բաշխմամբ:

2010թ.-ի հունվարի 1-ից դադարում է ՀՀ տարածք առավել վտանգավոր օզոնաքայքայիչ նյութերի ներմուծումը:

Դեռևս շատ անելիքներ կան և Հայաստանը շարունակում է աշխարհի հանրության հետ պայքարել օզոնային շերտի վերականգնման համար:

 

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>