Սյունիքի տարածքային բաժինը սույն թվականի օգոստոսի 20-ին ստացել է ահազանգ

13-09-2012

 

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը սույն թվականի օգոստոսի 20-ին ստացել է ահազանգ այն մասին, որ "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ում տեղի է ունեցել մետաղյա խողովակաշարի վթար, ինչի հետևանքով ապարախյուսը հոսել է շրջակա միջավայր, թափվելով Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ` որոշակի մասը Ողջի գետ, ինչպես նաև շուրջ 100մ երկարությամբ ասֆալտապատ տարածք:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ տեղում ուսումնասիրել են իրավիճակը, արձանագրել փաստը, իրականացրել են աղտոտված ջրերի նմուշառում:

Ողջի գետից կատարված նմուշառման անալիտիկ հետազոտությունների և խողովակատարից արտահոսքի ծավալների հաշվարկի համադրության արդյունքում արձանագրվել է շուրջ 38 տոննա ապարախյուս, որից 28 տոննան լցվել է բաց ջրավազան:

ՀՀ կառավարության 14.08.2012թ-ի թիվ 1110-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն կատարվել է ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկ 294.0 հազար դրամի չափով, որը ՙՙԶՊՄԿ՚՚ ՓԲԸ-ի կողմից փոխանցվել է ՀՀ պետական բյուջե:

Ապարախյուսով աղտոտված տարածքն անմիջապես ընկերության կողմից մաքրվել է  և լվացվել, իսկ շուրջ 7 մ3 կոշտ մնացորդ տեղափոխվել է վթարային ավազան: Նշված աղտոտված տարածքի համար բնապահպանական վնաս չի հաշվարկվել, քանի-որ արդյունաբերական և տրանսպորտային նշանակության հողերի աղտոտման դեպքում վնասի հաշվարկ չի նախատեսված:

Ընկերությանը տրվել են հանձնարարականներ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման և հնարավոր խախտնումների վերացման վերաբերյալ, մասնավորապես`հետագա հնարավոր վթարների դեպքում ապարախյուսի արտահոսքը շրջակա միջավայր հնարավորինս բացառելու նպատակով միջոցառումներ ձեռնարկելու մասին:

 

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>