Կայքը վերաթողարկման փուլում է

ՀՀ ԲՆ և WWF-Հայաստանի համագործակցության շրջանակներում Տեսչական մարմնի հետ հուշագիր է ստորագրվել

19-10-2017

Հոկտեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Արծվիկ Միանասյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) վարչական շենք։ Նախարարը շրջայց է կատարել աշխատասենյակներում, ծանոթացել աշխատակիցների աշխատանքային պայմաններին, կառույցի տեխնիկական հագեցվածությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները` տնօրեն Կարեն Մանվելյանի գլխավորությամբ: 
Կառույցի պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում նախարար Մինասյանը կարևորել է նորաստեղծ Տեսչական մարմնի գործունեությունը, նշել, որ ՀՀ բնապահպանության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները, որոնց նախարարները ռոտացիոն կարգով կգլխավորեն Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը, կանեն հնարավորը կառույցի կայացման և հզորացման համար: Նախարարը շնորհակալություն է  հայտնել WWF-Հայաստան կազմակերպությանը օժանդակության և օգնության նախաձեռնության համար, ինչը օրինակելի կարող է դառնալ այլ կազմակերպությունների համար՝ կառույցի կայացման գործում: ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի  ղեկավար Եղիշ Տերտերյանը նույնպես շնորհակալություն է հայտնել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին մտահոգություն ցուցաբերելու և համագործակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների պահպանությունը ոչ միայն օրենքով սահմանված պարտականություն է, այլև արժանապատվության և պատվի  հարց:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշել է , որ փոխգործակցության մեկնարկը տրված է և  ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցության շրջանակներում, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, WWF-Հայաստանի կողմից  Տեսչական մարմնին է հանձնել սարքավորումներ՝ կվադրոկոպտերներ (դրոն), հեռադիտակներ, ֆոտոխցիկներ, ինչպես նաև համակարգիչներ և այլ պարագաներ։
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ի դեմս ղեկավար Եղիշ Տերտերյանի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, ի դեմս տնօրեն Կարեն Մանվելյանի, ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակներում WWF-Հայաստանը պարտավորվել է աջակցել Տեսչական մարմնին՝ տրամադրելով համապատասխան տեխնիկական միջոցներ, կազմակերպել դասընթացներ և վարժանքներ, որոնք կավելացնեն Տեսչական մարմնի աշխատակիցների կարողությունները և  հմտությունները, ինչպես նաև աջակցել կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ վտանգված տեսակների պահպանությանն ուղղված Տեսչական մարմնի կողմից իրականացվող միջոցառումներին։ 
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր հերթին պարտավորվել է վերոհիշյալ  տեսակների ապրելավայրեր պարբերաբար շրջայցեր իրականացնելու ընթացքում արձանագրված խախտումների մասին համապատասխան տեղեկատվությունը  տրամադրել WWF-Հայաստանին։

<
>