Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի համաժողովներին Դոհայում, Կատար

17-12-2012

 

2012թ. նոյեմբերի 26-դեկտեմբերի 8-ը Դոհայում կայացել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 18-րդ և Կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության կողմերի 8-րդ համաժողովները: Այս համաժողովների մասին այսօր ՙԵլակետ՚ մամուլի ակումբում պարզաբանումներ են տվել Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներ՝ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, Կլիմայի փոփոխության կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:

Նախարարի առաջին տեղակալը հայտնել է, որ համաժողովի ընթացքում հաստատվել են արտանետումների կրճատման համընդհանուր, իրավական պարտավորություն սահմանող նոր միջազգային համաձայնագրի ընդունման ժամկետները: Համաձայնագիրը պետք է ընդունվի 2015թ. և վավերացումից հետո ուժի մեջ մտնի 2020թ.-ին: Համաժողովի ընթացքում սահմանվեց նաև, որ համաձայնագիրը պետք է ներառի արտանետումների զգալի կրճատման թիրախներ, որպեսզի սահմանափակվի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը ոչ ավելի քան 20C-ով՝ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի նկատմամբ: Խոսելով ՀՀ պատվիրակության մասնակցության ձևաչափի մասին Սիմոն Պապյան նշեց. «Համաժողովի ընթացքում ՀՀ պատվիրակությունն ունեցավ մի շարք հանդիպումներ այլ երկրների պատվիրակություննունների հետ, մեր երկրի զարգացման շահերից ելնող որոշումների կայացման, ինչպես նաև Կոնվենցիայի ներքո ձևավորվող տարբեր մարմիններիում մեր տարածաշրջանի ներկայացուցիչների մասնակցության ապահովման նպատակով: Հանդիպում կազմակերպվեց նաև Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրենի հետ»: Համաժողովի ընթացքում համաձայնեցվել է նաև “Կիոտոյի արձանագրության լրացումը` արտանետումների կրճատման պարտավորությունների երկրորդ ժամանակաշրջանի վերաբերյալ` 2013-2020թթ.: Կիոտոյի արձանագրության շուկայական մեխանիզմները, այդ թվում Մաքուր զարգացման մեխանիզմը, կշարունակվեն նաև 2013թ. հետո: Մեխանիզմների հասանելիությունը կլինի շարունակական միայն այն զարգացած երկրների համար, որոնք ստանձնել են քանակական պարտավորություններ երկրորդ շրջանի համար:

ՍիմոնՊապյանը նշել է նաև, որ Համաժողովում տարածվել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական հայտարարությունը, և որ ՀՀ պատվիրակության մասնակցության հաշվետվությունը կներկայացվի ՀՀ վարչապետի 2012թ. հոկտեմբերի 2-ի թիվ 955Ա որոշմամբ ստեղծված Կլիմայի փոփոխության կոնվենցիայի պահանջների և դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի առաջիկա նիստին Արամ Գաբրիելյանը իր խոսքում հայտնեց, որ ՙ1993թ-ին ընդունված կոնվենցիան շրջանակականին բնույթ ունի և մեկ նպատակ է հետապնդում՝ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, որպեսզի կլիմայական փոփոխությունները չլինեն անդառնալի և աղետալի: Այդ խնդրի լուծման համար այսքան տարիների ընթացքում հաջողվել է ընդունել Կիոտոյի արձանագրությունը, որտեղ քանակական պարտավորությունները սահմանվում են միայն զարգացած 43 երկրների համար: Բանակցությունների ընթացքում խոսվում էր այն մասին, որ պետք է բոլոր երկրները միասին ջանքեր գործադրեն և պայքարեն ջերմաստիճանի անդառնալի բարձրացման դեմ: 20 տարի անց, 2012-ին Դոհայում հնարավոր եղավ շրջադարձային որոշում ընդունել, քանի որ մասնակից բոլոր երկրները հանձն են առել մեկ տարվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն, թե ինչպես պետք է նվազեցնեն իրենց արտանետումները, և ինչ պետք է պարունակի գլոբալ համաձայնագիրը՚: Ըստ բանախոսի Հայաստանի տնտեսության անկման հետևանքով Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի արտանետումները խիստ նվազել են. 1990թ-ին կազմել են 24 մլն տոննա, ներկայումս դրանք կազմում են 6 մլն տոննա:

Դիանա Հարությունյանը խոսելով Հայաստանի կլիմայի փոփոխության մասին նշեց. ՙՀայաստանի նման լեռնային էկոհամակարգեր ունեցող երկրների համար կլիմայի փոփոխության վտանգավորությունը վերաբերում է կլիմայական գոտիների շեղմանը, չորայնացմանը և ջրի նկատմամբ պահանջարկի բարձրացմանը, որը բացասաբար կանդրադառնա հիմնականում գյուղատնտեսության վրա: Այդ պատճառով համաձայն ՀՀ կառավարության 2011թ. թիվ 1594 որոշմամբ մինչև 2015թ. պետք է մշակվի և հաստատվի հարմարվողականության համալիր ծրագիր, որը պետք է հաշվի առնի կլիմայական համակարգի փոոխությունները տնտեսության կազմակերպման գրեթե բոլոր ճյուղերում` ոռոգման համակարգերի, գյուղատնտեսության, հիդրոէներգետիկայի, և այլն որպեսզի չունենանք մեր տնտեսության համար անդառնալի կորուստներ՚:

<
>