Արամ Հարությունյանն ընդունել է Ադրիանա Դամյանովային

02-10-2013

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակության ղեկավար, ծրագրի թիմի ղեկավար Ադրիանա Դամյանովայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին`Արամ Հարությունյանն ընդգծել է պարբերական հանդիպումների արդյունավետությունը:

Կողմերը քննարկել են Հայաստանում հանքարդյունաբերության արդի վիճակը և զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> (ՇՄԱԳ) ՀՀ օրենքը և դրանից բխող կանոնակարգերը:

 «Բնապահպանության նախարարությունն ինտենսիվ աշխատում է համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որը կատարվում է որակյալ մասնագետների միջոցով: Պետք է նշել նաև, որ Ձեր գլխավորությամբ իրականացվող աշխատանքները տալիս են իրենց զգալի արդյունքները»,- նշել է նախարար Հարությունյանը:

Ադրիանա Դամյանովան իր հերթին շնորհակալություն է հայտնել լավ աշխատանքի համար, որի արդյունքը համարել է <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀ  օրենքի նախագծի ընդգրկումը Ազգային Ժողովի օրակարգում: «Սա մեծ առաջընթաց է և ձեր նախարարությունը ծանրակշիռ  դեր ունի այդ հարցում»,-փաստել է Դամյանովան:

Կողմերը քննարկել են նաև հանքերի պոչամբարներին վերաբերող խնդիրներ, որոնց լուծման ճանապարհին երկուստեք կարևորվել է ձեռնարկի հրապարակումը, որն օգտակար ուղեցույց կլինի ոլորտի մասնագետների վերապատրաստման համար: Ծրագրում նախատեսվում է նաև այնպիսի հավելվածներ, որոնք պետք է օժանդակեն ազդակիր համայնքներում առողջական խնդիրների առաջացման կանխարգելմանը:

Ավարտին բնապահպանության նախարարը կարևորել է հաճախակի հանդիպումների անհրաժեշտությունը և հույս հայտնել,որ հետագա համագործակցությունը նույնպես հիմնված կլինի փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա:

<
>