Քննարկվել են ՄԱԶԾ/ԳԷՀ Քուռ-Արաքս գետավազանում անդրսահմանային դեգրադացիայի կրճատման ռազմավարական և ազգային գործողությունների պլանները

15-10-2013

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Քուռ-Արաքս գետավազանում անդրսահմանային դեգրադացիայի կրճատման» ծրագրի ղեկավար Մերի Մեթյուսին: Հանդիպման նպատակը Քուռ-Արաքս գետավազանում անդրսահմանային դեգրադացիայի կրճատման ռազմավարական և ազգային գործողությունների պլանների քննարկումն էր:

Փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ողջունելով հյուրին` մաղթել է արդյունավետ աշխատանք Հայաստանի համար կարևորագույն բնապահպանական այս խնդրի լուծման ուղղությամբ:

Մերի Մեթյուսը ներկայացրել է այն մեթոդոլոգիան, որի հիման վրա իրականացվել է Քուռ-Արաքս գետավազանում անդրսահմանային դեգրադացիայի կրճատման ռազմավարական և ազգային գործողությունների պլանների մշակման գործընթացը: Ծրագրի ղեկավարը նաև նկատել է, որ Արաքսի էկոհամակարգի արդյունավետությանն ուղղված աշխատանքներին մասնակցած երկրների ազգային փորձագետներից ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրենց մասնագիտական կարողություններով աչքի են ընկել հայ մասնագետները: Հանդիպման ընթացքում Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը ներկայացրել է ռազմավարական գործողությունների պլանի վերաբերյալ հայկական կողմի ունեցած առաջարկությունները և մասնագիտական դիտողությունները:

Հիմք ընդունելով մասնագիտական փաստարկները՝ Նախարարի տեղակալ խաչիկ Հակոբյանը հանձնարարել է մեկ անգամ ևս քննարկել Բնապահպանության նախարարության առաջարկները՝ դրանք ծրագրում ներառելու նպատակով:

Մերի Մեթյուսը հայտնել է, որ այդ առաջարկները պետք է քննարկվեն նաև անդրսահմանային գետավազանի մյուս երկրների հետ, որից հետո կներառվեն Ռազմավարական ծրագրի մեջ:

Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը նկատել է, որ նախարարությունում առկա են համապատասխան ենթակառուցվածքները, որոնց մասնագիտական կազմերը պատրաստ են ոչ միայն ռազմավարական ծրագրեր մշակել, այլև իրականացնել դրանց գործնական փուլերը և շեշտել, որ համատեղ ջանքերով պետք է ներգրավել նոր ներդրողներ՝ ծրագրի գործնական փուլն իրագործելու համար: Ավարտին Խաչիկ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԶԾ/ԳԷՀ «Քուռ-Արաքս գետավազանում անդրսահմանային դեգրադացիայի կրճատման» ծրագրի ավարտից հետո էլ երկկողմ համագործակցությունը կշարունակվի:

<
>