Մեկնարկել է «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը

15-01-2014

«Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում տեղի է ունեցել «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը: Ծրագիրն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԶԾ-ԳԷՖ հետ համատեղ՝ սերտ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքների հետ:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարևորելով ծրագրի մեկնարկը՝ նկատել է, որ այն տեղավորվում է ՀՀ կառավարության որդեգրած էներգետիկ անկախության, էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկային անցնելու քաղաքականության շրջանակներում: Նախարարը հատկապես շեշտել է այն հանգամանքը, որ ծրագրի հիմնական կոմպոնենտն է լինելու Երևանի արտաքին լուսավորման համակարգը: «Կլիմայի փոփոխության պայմաններում մենք խրախուսում ենք այն ծրագրերը, որոնք վերաբերում են էներգիայի խնայողությանը, վերականգնվող էներգետիկային և շատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով ստանանք մի արդյունք, որը ոչ միայն տեսանելի և շոշափելի կլինի, այլ էներգետիկ տեսակետից՝ արդյունավետ և կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը»-ասել է Արամ Հարությունյանը: Նախարարը նկատել է, որ արտաքին լուսավորության գործող ցանցերը երկար տարիներ շահագործվում են, իսկ դրանց արդիականացումն արդեն օրախնդիր էր և ուրախալի է, որ Բնապահպանության նախարարության առաջարկն ընդունել են գործընկերներ կազմակերպությունները: Իր խոսքի վերջում նախարարը հավաստիացրել է, որ ծրագիրը կնպաստի մայրաքաղաքի բնակիչների համար հարմարավետ և ժամանակին համահունչ միջավայր ստեղծելուն և այդ պատճառով արդեն այս տարի ձեռնամուխ են լինելու պիլոտային փուլի իրագործմանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոն նկատել է, որ ՀՀ-ն բնապահպանական ծրագրերի առումով առաջիններից է, ոչ միայն ազգային, այլ նաև տարածաշրջանային և գլոբալ առումով: Բանախոսը նկատել է, որ ՀՀ կառավարությունը չափանիշներ է ստեղծում բնապահպանության՝ մասնավորապես էներգախնայողության բնագավառում:

Կամո Արեյանն իր խոսքում նկատել է, որ արտաքին լուսավորության խնդիրը վաղուց էր գերակա և ուրախալի է, որ կան այլընտրանքային միջոցներ համակարգը արդիականացնելու համար՝ այն դարձնելով էկոլոգիապես ավելի անվտանգ, բարետես և հուսալի: Ըստ փոխքաղաքապետի, ուրախալի էր ՀՀ ԲՆ նախաձեռնությունը՝ ընդգրկելու Երևանը կանաչ լուսավորության ծրագրում: Շեշտելով, որ ծրագիրը իր տեսակի մեջ քաղաքի արտաքին լուսավորության տեսանկյունից առաջինն է՝ Երևանի առաջին փոխքաղաքապետը կարևորել է նախարար Ա. Հարությունյանի շահագրգռվածությունը՝ իր անձնական նախաձեռնություններով անհրաժեշտ հիմքեր ապահովել այն իրականացնելու համար:

Աշխատաժողովին ներկայացվել է ծրագրի հիմնական նպատակները և նախատեսված միջոցառումները, ինչպես նաև քաղաքային էներգաարդյունավետ լուսավորության բնագավառում առկա միջազգային փորձը և ձեռքբերումները:

Հայաստանում քաղաքային տնտեսությունից ջերմոցային գազերի արտանետումների խոշորագույն աղբյուրներից մեկը լուսավորությունն է: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել էներգախնայողությանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը` ներդրումային ծրագրերի և ազգային քաղաքա¬կանության իրականացման ճանապարհով: Ծրագիրը համապատասխանում է ռեսուրսների խնայողության և կլիմային հարմարվող տնտեսական աճի խրախուսման միջոցով Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանն ուղղված ազգային գերակայություններին:

Ծրագրի հիմնական ֆինանսավորումն իրականացնելու է ԳԷՖ-ը: Ֆինանսական ներդրումներ են արվելու նաև համայնքային բյուջեներից: «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի տևողությունն է 4 տարի: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գերատեսչությունների և համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԶԾ-ի միջազգային փորձագետներ և խորհրդատուներ, որոնք ներկայացրել են Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում և Ուկրաինայում քաղաքային լուսավորության բնագավառում էներգաարդյունավետության բարձրացմանն ու էներգախնայողությանն ուղղված ծրագրերի իրականացման փորձը, քաղված դասերը և հիմնական եզրակացությունները

<
>