ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

30-01-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի առաքելության անդամներին՝ Ադրիանա Յորդանովային և Ուլրիխ Բարչին, ովքեր Հայաստան են ժամանել  ՀԲ Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ-2) քննարկման նպատակով:

    Կողմերն անդրադարձել են ԶՔԳ-2 դրամաշնորհային ծրագրում ներառված շրջակա միջավայրի կայունության բաղադրիչին: Մասնավորապես դիտարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման ժամանակացույցի հետ կապված հարցեր, որն ի թիվս այլ նախապայմանների ներառված է դրամաշնորհի տրամադրման հիմքում: Պատվիրակության խնդրանքով նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել է  օրենքի նախագծի հիմնական սկզբունքները: Ա. Յորդանովան նկատել է, որ նոր օրենքում ներառվել է լավագույն միջազգային փորձը, և Բնապահպանության նախարարությունը օրենքի նախագծի մշակման գործընթացին ներգրավել է շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում՝ հանրության ներկայացուցիչներին:

   Պատվիրակության նախաձեռնությամբ քննարկվել է նաև հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական բարեփոխումների միջոցով «մեկ պատուհանի» ներդրման մեխանիզմների հարցը: Հանդիպման կողմերը գոհունակությամբ նկատել են, որ  ԲՆ-ի հետ արդեն սկսված «Շրջակա միջավայրի կառավարման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, ընդգրկվածություն և թափանցիկություն հանքարդյունաբերության ոլորտում» ծրագիրով նախատեսված է խնդրի լուծման մեխանիզմների մշակում:

    Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Ադրիանա Յորդանովան նախանշել են այն հիմնական խնդիրները, որոնց շուրջ առաջիկայում կծավալվի համագործակցություն Նախարարության և ՀԲ-ի միջև:

<
>