ՀՀ բնապահպանության նախարարը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության 2014թ. գերակա խնդիրները

31-01-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի սկզբում արձանագրել է, որ 2014թ. իր ղեկավարած գերատեսչության համար լինելու է լարված և ծանրաբեռնված աշխատանքի տարի: Նախարարն անդրադարձել է Բնապահպանության նախարարության՝ ընթացիկ տարվա երեք հիմնական գերակա խնդիրներին՝ Արարատյան հարթավայրի արտեզյան ավազանին, Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրմանը, «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացմանը:

Արամ Հարությունյանը նկատել է, որ Արարատյան հարթավայրի խորքային ապօրինի հորերի խնդրի լուծման ուղղությամբ նախորդ տարի սկսված աշխատանքները շարունակվելու են նաև այս տարի՝ պետական այլ գերատեսչությունների հետ համատեղ և իրականացվելու են մի քանի ուղղություններով՝ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի կատարելագործման, գիտական ուսումնասիրությունների և վիճակի գնահատման: Նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել շուրջ 50 խորքային հոր և Նախարարությունը ներկայում գտնվում է համայնքների հետ ապօրինի հորերի հաշվառման գործընթացում, ինչը ենթադրում է Ջրային օրիենսգրքի ընդունումից հետո /2002թ./ համայնքներում եղած խորքային հորերի գրանցում չիրականացնելու պատճառների բացահայտում, դրանց շահագործման անհրաւժեշտության գնահատում: Տեղեկացվել է նաև, որ յուրաքանչյուր հորի համար ստեղծվում են թվայնացված տարբերակով կորդինատական ձևակերպումներ:

Արամ Հարությունյանը կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում իրականացվող Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատման և ուսումնասիրության աշխատանքները, ինչի նպատակն է Արարատյան Հարթավայրի ստորերկրյա ջրերի պաշարի ներկա վիճակի և ապագա միտումների գնահատումը: Ըստ նախարարի, հետագա աշխատանքների ընթացքը պայմանավորված կլինի հիդրոերկրաբանական այս ուսումնասիրությունների վերջնական արդյունքներից, ինչն ակնկալվում է ունենալ այս տարվա գարնանը:

Ներկայացնելով ՀՀ ԲՆ-ի երկրորդ գերակա խնդիրը՝ Նախարարը հայտարարել է, որ «Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում» ծրագրի իրականացումը բխում է «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010թ. Հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապա¬տասխան մշակված և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N876-Ն որոշման հավելվածի 3-րդ կետից, համաձայն որի, ՀՀ պետական բյուջեից Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման ծրագրի իրականացման ֆինանսավորումը նախատեսվել է տարեկան 60մլն. դրամ գումարի չափով: Կնքված պայմանագրերի արդյունքում Սևանա լիճ է բաց թողնվելու մոտ 166600 գեղարքունու (5 գրամից ավելի քաշով) և 200000 ամառային իշխանի(3 գրամից ավելի քաշով) մանրաձուկ: Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման խնդիրը լուծվելու է ևս երկու այլ ուղղություններով՝ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքների և գիտական ուսումնասիրությունների:

«Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացումը, ըստ Արամ Հարությունյանի, ոչ միայն լուծելու է հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման և պահպանման ռեժիմի ուժեղացման խնդիրները, այլ նաև նպաստելու է ՀՀ Սյունիքի մարզում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: 2011 թվականի հուլիսի 18-ին Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և բնապահպանության նախարարությունների կողմից ստորագրվել է «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր – Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր – Հայաստան, փուլ 3-րդ)» ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է` Հայաստանի հարավում իրականացնել Կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագիր:

Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի 2013թ.սեպտեմբերին կատարված առաքելության ժամանակ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ կնքվել է համագործակցության լրացուցիչ համաձայնագիր, որով վերոգրյալ ծրագրի ֆինանսավորման ծավալներն ավելացվել են:

Նախարարը նշել է, որ ծրագրի բուն նպատակն է UNESCO-ի չափանիշներին համապատասխանող կենսոլորտային արգելոցի ստեղծման հիմքերի նախապատրաստումը: Ծրագրի տարածքը ներառում է «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսուպուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» պետական արգելավայրերը, շուրջ 20 բնության հուշարձան: Տարածքի կազմում ընդգրկված են 19 գյուղական և 4 քաղաքային համայնքներ` 68 800 բնակչությամբ: Ծրագրի բյուջեն 8.25 մլն եվրո է, արդեն իսկ ԲՆ կողմից իրականացվել է ծրագրի իրականացման հետաքրքրությունների հայտերի մրցութային փուլը, կազմվել է կարճ ցուցակ, առաջիկայում կհայտարարվի իրականացնող կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ:


Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արամ Հարությունյանը հայտնել է, որ Հանրապետությունում իրականացվող և հանրության մոտ լայն արձագանք գտած բոլոր տնտեսական նախաձեռնությունները օրենքներով նախատեսված Բնապահպանության նախարարության իրավասությունների և լիազորությունների սահմաններում անցնում են բնապահպանական փորձաքննություն, որի ժամակ հաշվի են առնվում շրջակա միջավայրին հասցվելիք բոլոր ռիսկերը: Բնապահպանության նախարարը հատուկ շեշտել է, որ ներկա պահի դրությամբ Արարտյան հարթավայրի ստորերկրյա ավազանից վերցվում է տարեկան 928 հազար խմ/վ ջուր, ինչը էականորեն պակաս է մամուլում շրջանառվող՝ տարեկան թույլատրելի 1 մլն խմ/վ ջրի ծավալից: Արամ Հարությունյանը վերջում նկատել է, որ վերոնշյալ 1 մլն խմ/վ ցուցանիշը նույնպես ճշգրտման կարիք ունի և այն կհստակեցվի միայն ընթացող հիդրոերկրաբանական ուսումնասիրություններից հետո, ինչը Հայաստանում չի իրականացվել անկախացումից ի վեր:

<
>