Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրային պաշարների ռացիոնալ օգտագործման նպատակով փոփոխություններ են կատարվում մի շարք օրենքներում

06-02-2014

Արարատյան հարթավայրումջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրներին համակարգված լուծում տալու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ կատարել  Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերում: Վերոհիշյալ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթն ուղարկվել է համապատասխան շահագրգիռ գերատեսչություններին՝ կարծիքի: ՀՀ ջրային օրենսգիրքն ընդունվել է  2002 թվականինև նրանում փոփոխություններ կատարելու նպատակը պայմանավորված է նոր օրենքների ընդունմամբ,ինչպես նաև օրենսգրքում առկա թերությունների շտկմամբ,  կապված՝ ջրային ռեսուրսների մոնիթորինգի ու ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացների և ջրային ռեսուրսների ջրօգտագործման հուսալիության երաշխիքի  հետ:  

 

  Օրենքների նախագծերի մշակումը նաև բխում է 2013 թ. սեպտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ կայացած խորհրդակցության արձանագրությամբ նախատեսված պահանջներից:

«Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման նպատակը ստորերկրյա ջրերի արդյունահանման համար հորատման գործընթացի վերահսկելիության ապահովումն է:

      «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի մակերևութային և ստորերկրյա ջրերի օգտագործման առանձնահատկությունների հստակեցմանը, կապված` ջրային հաշվեկշռի, ջրային ռեսուրսների մոնիթորինգի, ջրային ռեսուրսների պետական կադաստրի, ջրօգտագործման թույլտվությունների, ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման և պահպանման, ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործման և ջրօգտագործման հուսալիության երաշխիքի  հետ:

 Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կկանոնակարգվեն կարգավորումից դուրս մնացած հարաբերություններ, կհստակեցվեն որոշակի դրույթներ, ինչը կհանգեցնի օրենքների առավել հասցեագրված կիրառմանը և կբացառի նրանց տարաբնույթ մեկնաբանությունները:

<
>