Արարատյան հարթավայրի խորքային ապօրինի հորերի խնդրով ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացվել է հերթական խորհրդակցությունը

17-02-2014

2014 թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը շարունակում է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում հայտնաբերված խորքային ապօրինի հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքները: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել էր խնդրի առնչությամբ հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ ամփոփվել են 2013 թ. դեկտեմբերին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ սկսված ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում համայնքային նշանակության խորքային հորերի հաշվառման աշխատանքների ընթացքը և նախանշվել հետագա գործընթացի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները:

   Հայտնաբերված ապօրինի խորքային հորերն դասակարգվում են ըստ ջրօգտագործման նպատակի /ոռոգում, կենցաղային, ձկնաբուծական/՝ լուծարման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, համայնքների բնակչության կենցաղային ու գյուղատնտեսական պահանջները հաշվի առնելու և դրանք ճշգրիտ գնահատելու նպատակով: Խորհրդակցությանը ներկայացվել է, որ ավարտվել են աշխատանքները Արարատի մարզում, իսկ Արմավիրի մարզում այն գտնվում է ավարտման փուլում:

   Նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է եռօրյա ժամկետում ամփոփել Արարատի մարզում կատարված աշխատանքների արդյունքները և սեղմ ժամկետում ավարտել նաև Արմավիրի մարզի համայնքներում իրականացվող ուսումնասիրությունները: Նաև հանձնարարվել է խստացնել, առավել թափանցիկ դարձնել ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը և դրանց ընթացքի վերաբերյալ զեկուցել շաբաթական կտրվածքով: 

<
>