ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը

19-02-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԵԱՀԿ-ի միջև բնապահպանության ոլորտում ծավալված համագործակցության ընթացիկ ծրագրերը և հետագա քայլերը:

      Անդրադառնալով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի ընդունման գործընթացին՝ կողմերը կարևորել են բնապահպանական խնդիրների, գործարար միջավայրի և հասարակական շահի համադրության հրամայականը: Անդրեյ Սորոկինն առաջարկել է ԱԺ-ում օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպվելիք հասարակական քննարկումներին ներգրավել նաև ԵԱՀԿ գրասենյակի փորձագետներին, ինչը պատրաստակամությամբ է ընդունվել  ՀՀ բնապահպանության նախարարի կողմից: Արամ Հարությունյանն  նաև ի գիտություն է ընդունել ՀՀ բնապահպանության նախարարության սկսած շրջակա միջավայրի վրա ազդեցության որոշման մեթոդիկայի և ջրային դիրեկտիվների համակարգի չափորոշիչների մշակման աշխատանքներին ԵԱՀԿ-ին նույնպես ներգրավելու՝ դեսպանի առաջարկը: ԵԱՀԿ պատվիրակությունը ցանկություն է հայտնել ՀՀ ԲՆ-ին փոխանցել օրենքի նախագծի տեխնիկական մասին վերաբերող իր առաջարկները: Բնապահպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել ներկայացված առաջարկները քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ընդունելի փոփոխությունները ներառել նախագծում:

     Կողմերը քննարկել են նաև  Օրհուսի կոնվենցիայի պահանջների կատարման ընթացքին և ՀՀ բնապահպանական տեղեկատվական հասարակական (Օրհուս) կենտրոնների գործունեությանը վերաբերող հարցեր: Նախարար Արամ Հարությունյանը բարձրացրել է ԵԱՀԿ հովանու տակ  գործող 15 «Օրհուս» կենտրոնների և Նախարարության համագործակցության արդյունավետության բարձրացման, մեխանիզմների հստակեցման և իրավական հիմքերի մշակման անհրաժեշտության հարցերը: Երկուստեք կարևորելով խնդրի լուծումը՝ կողմերը պայմանավորվել են վերոհիշյալ հարցերը հստակեցնելու համար կազմակերպել աշխատանքային հանդիպումներ:

     Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

<
>