ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի պատվիրակությանը

21-02-2014

Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և Կովկասի բնության հիմնադրամի /ԿԲՀ/ պատվիրակության հանդիպման ընթացքում: Կովկասի բնության հիմնադրամի տնօրեն  Դևիդ Մորիսոնը նախարարին համառոտ ներկայացրել է Հիմնադրամի 2013 թ. կատարած աշխատանքների արդյունքները և ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես շեշտելով, որ 2014թ. Հայաստանում բնապահպանական ծրագրերի համար նախատեսվել է ծախսոլ 282 մլն դրամ:

Անդրադառնալով ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող ծրագրերին՝ Մորիսոնը գոհունակությամբ նկատել է, որ դրական արդյունքներ են արձանագրվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, ներկայումս աշխատանքներ են տարվում կառավարման և մարդկային ռեսուրսների բարելավման առումով: Հիմնադրամի տնօրենը դրական է գնահատել նաև բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում տարվող աշխատանքների ընթացքը և հատուկ անդրադարձել  «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրիրը: Վերջինս իր տարածքով լինելու է ամենամեծը տարածաշրջանում: Նախարար Արամ Հարությունյանը նկատել է, որ կենսոլորտային տարածքի ստեղծման հիմնական նպատակներից մեկը եղել է ՀՀ Սյունիքի մարզում հանքարդյունաբերության ազդեցության նվազեցումը:

ԿԲՀ–ի տնօրենը բարձրացրել է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտության հարցը: ՀՀ բնապահպանության նախարարը հյուրին տեղեկացրել է, որ նախարարության հեղինակած «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին ՀՀ օրենքի նախագծում, որը գտնվում է ԱԺ-ում, հատուկ դրույթներ են առանձնացվել էկոտուրիզմի համար, ինչը, ըստ նախարարի, կապահովի խնդրի օրենսդրական կարգավորման հարցը:

Կողմերը քննարկել են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մոդելների կատարելագործման հարցերը: Արամ Հարությունյանը հատուկ կարևորել է այն՝ նկատելով, որ գործընթացը սկսվել է  Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ և նպատակաուղղված է հատուկ պահպանվող տարածքներում մարդկային որակյալ և բարձր վճարվող ռեսուրսների ներգրավմանը:

Կողմերը համաձայնվել են համագործակցություն ծավալել նաև ոլորտին առնչվող մի շարք այլ ծրագրերի շուրջ:

<
>