Կայքը վերաթողարկման փուլում է

ՀՀ բնապահպանության նախարարության և «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

27-10-2017

Այսօր ՀՀ բնապահպանության նախարարության և «Մարքեթինգի  հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև  ստորագրվել է  համագործակցության հուշագիր, որը վավերացրել են նախարար Արծվիկ Մինասյանը և  կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանը: Ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի  խորհրդական Ա. Պեպանյանը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Մ. Գալստյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Ա. Թարզյանը, Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գ. Ղազարյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Վարդանյանը, «Մարքեթինգի  հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչներ Դ. Խումարյանը և Գ. Դաջունցը:

Հուշագրի կողմերը պատրաստակամություն են հայտնել միավորել իրենց կարողությունները շրջակա միջավայրի` այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բարելավման և վերականգնման գործընթացներում, ինչպես նաև  ՀՀ տարածքում էկոտուրիզմի աջակցության և զարգացման ուղղությամբ:

Արծվիկ Մինասյան նշել է, որ համագործակցության հիմնական առանցքը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանը միտված ծրագրերի մշակումն ու իրականացումն է, մասնավորապես միջազգային չափանիշներին համապատասխան տուրիստական ծրագրեր մշակելու և տեղայնացնելու համար նախադրյալների ստեղծումը: Ըստ բնապահպանության նախարարի,  հուշագրի շրջանակներում մշակված ծրագրերով կիրականացվեն համատեղ աշխատանքներ` նպատակ ունենալով բարձրացնել հատուկ պահպանվող տարածքների կառավարումն ու պահպանությունն իրականացնող կազմակերպությունների, Հայաստանի բնության պետական  թանգարանի աշխատակիցների մասնագիտական որակավորումը՝ վերապատրաստելով նրանց մարքեթինգի, մենեջմենթի, էկոտուրիզմի և այլ ուղղություններով և կարևորելով միջազգային լավագույն փորձին ծանոթանալու ու այն ներգրավելու նպատակով այլ երկրներ այցերի կազմակերպումը: «Համագործակցությունն ապագային միտված գործողությունների հսկայական դաշտ է բացում, որի հիմնական նպատակը Հայաստանի հարուստ կենսաբազմազանության ճանաչելիության բարձրացումն է թե´ Հայաստանում, թե´ նրա սահմաններից դուրս: Համատեղ ջանքերով կիրականացվի ֆինանսական ռեսուրսների և տեխնիկական աջակցության ներգրավում այդ ծրագրերի իրականացման գործընթացում»,- նշել է Ա. Մինասյանը և շեշտել այդ գործողություններում էկոկրթական գործընթացներին և հասարակության մոտ էկոմշակույթի ձևավորմանն ուղղված բաղադրիչների կարևորությունը:

Ա.Նավասարդյանը նշել է, որ «Մարքեթինգի  հայկական ասոցիացիա» ՀԿ-ն կնպաստի այն քաղաքականությանը, ինչը որդեգրել է Բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի պահպանության գործում` հատուկ դիտարկելով համայնքներում այլընտրանքային ֆինանսական միջոցներ գեներացնելու հնարավորությունների ստեղծումը, որպեսզի նվազեցվի ճնշումը բնության վրա: Այդ գործողություններն իրականացնելու համար նախատեսվում է նաև ներգրավել միջազգային փորձագետներ:

Հուշագրի շրջանակներում կնախաձեռնվեն և կիրականացվեն  հայաստանյան ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական գործակալությունների հետ համատեղ կլոր սեղաններ, քննարկումներ և կոնֆերանսներ` միտված Հայաստանում էկոտուրիզմի նախագծերի մշակման և վաճառքի` արտերկրյա զբոսաշրջիկների սպասարկման վերաբերյալ։ Նախարարության պատասխանատուների հետ համատեղ կնախագծվեն և կիրականացվեն ուսուցողական այցեր այլ երկրներ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել այդ երկրներում էկոտուրիզմի գործող վայրերը, նրանց հետ կապված կազմակերպչական և կրթական ծրագրերը` հետագայում Հայաստանում կիրառելու նպատակով: Կիրականացվի հետազոտությունների շարք բնակչության և տուրիստների շրջանակներում, ինչպես նաև այլ պոտենցիալ շուկաներում` նպատակ ունենալով պարզել, թե որքան է Հայաստանը հայտնի էկոտուրիզմով հետաքրքրված զբոսաշրջիկների շրջանում,  ինչ գործոններ են հաշվի առնվում այդ զբոսաշրջիկների` այս կամ այն երկիր էկոտուրիստական այց կազմակերպելու համար:
 

<
>