Սևծովյան տարածաշրջանի հինգ երկրների գիտնականները քննարկել են անտառային հրդեհների մարման նոր տեխնոլոգիաները

18-06-2014

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի նիստերի դահլիճում հրավիրվել է միջազգային կոնֆերանս «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայով: Կոնֆերանսին մասնակցում են սևծովյան տարածաշրջանի երկրների՝ Արդվինի «Կորուհ» համալսարանի /Թուրքիա/, Բրեյլայի քաղաքապետարանի /Ռումինիա/, «Էկո-Տիրաս» գետերի պահպանության միջազգային բնապահպանական ասոցիացիայի /Մոլդովա/, Կենսառեսուրսների և բնօգտագործման ազգային համալսարանի /Ուկրաինա/, ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության /Հայաստան/ գիտնականները, ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ և ՀՀ ԳԱԱ մասնագետներ:

Ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը խորհրդանշական է համարել, որ կոնֆերանսն անց է կացվում բազմադարյան պատմություն և հարուստ մշակույթ ունեցող Հայաստանում, որտեղ անտառի մշակության և պահպանման փորձը գալիս է հեռավոր դարերի խորքերից՝ երբ դեռ 4-րդ դարում հայոց Խոսրով Բ Կոտակ թագավորի գահակալության տարիներին, ներկայիս «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում, անտառաճման խիստ անբարենպաստ պայմաններում, հիմնվել է անտառ, և թագավորի հրամանով ծառ կտրողը խստագույնս պատժվել է:

Կարևորելով կոնֆերանսում քննարկվող հարցերի շրջանակը՝ Արամայիս Գրիգորյանը նկատել է. «Ներկայում դժվար, թերևս, անհնար է դիմակայել օրեցօր սաստկացող գլոբալ մարտահրավերներին` առանց միջազգային խոր ինտեգրացիայի, առանց մայրցամաքի գիտական, մասնագիտական նաև հասարակական ներուժի համախմբման: Հիմնահարց, որն ավելի քան տագնապահարույց է հատկապես անցումային տնտեսություն ունեցող երկրներում: 

Սույն կոնֆերանսի խնդիրներից կարևորվում է Սևծովյան տարածաշրջանում անտառային հրդեհներով զբաղվող հաստատությունների և պահպանվող տարածքների միջև համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը, ինչը թույլ կտա փորձի, կառավարման լավագույն պրակտիկաների և տեխնոլոգիական ու գիտական մեթոդոլոգիաներում նորարարությունների վերաբերյալ գիտելիքների փոխանակման նպատակով բարելավել անտառների պաշտպանությունը և խթանել երկրի, հատկապես անտառամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Վստահ եմ, որ արտերկրի 15 պատվիրակների և բոլոր մասնակիցների համար կոնֆերանսը կդառնա նոր տեղեկությունների փոխանակման և անտառային ու բնապահպանական խնդիրների շահագրգիռ քննարկումների արդյունավետ հարթակ»:

Երկորյա կոնֆերանսում, որը ֆինանսավորվում է Եվրամիության Միջսահմանային համագործակցության «Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի» շրջանակներում, գիտնականները կքննարկեն հրդեհների մարման ամբողջական համակարգի մշակման աշխատանքները՝ բնության հատուկ պահպանվող տարածքները հրդեհներից պաշտպանելու նպատակով և նորարարական մոտեցումների ու տեխնոլոգիաների կիրառման խթանման մեխանիզմները:

<
>