ՀՀ Բնապահպանության նախարարությունը շարունակում է ապօրինի խորքային հորերի փակման աշխատանքները

14-08-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը այսօր Արարատի մարզի Նորամարգ համայնքի տարածքում գործող «Արսեն Պետրոսյան» անհատ ձեռներեցի ձկնաբուծական տնտեսությունում լուծարել է 120լ/վ ջրթողունակությամբ ինքնաշատրվանող ապօրինի խորքային հոր: Նույն տնտեսությունում առկա են ևս երկու ինքնաշատրվանվող անօրինական խորքային հորեր` համապատասխանաբար 170 և 179 լ/վ ջրատվությամբ, որոնք նախատեսվում է փակել առաջիկա օրերին:

Վերոհիշյալ համայնքի տարածքում «Մարտիկ Եվրեյան» և «Վալերի Եվրեյան» տնտեսությունները ենթարկվել են 3մլն 200 հազարական դրամի չափով տուգանքի, իսկ «Նորայր Ստեփանյան» տնտեսությունում` փականային ռեժիմով տնտեսվել է 75 լ/վ ջրատվությամբ խորքային հոր:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013 թ հոկտեմբերի 31-ի թիվ 1233-Ն որոշման համաձայն ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 107,497.4 հազ. դրամ:

Ընդհանուր առմամբ դրամաշնորհի շրջանակներում մինչև 2014 թ հուլիսի 1-ը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել են 19 և կոնսերվացվել՝ 26 հորատանցք 310 լ/վ ջրաքանակով: Համայնքների և տնտեսվարող սուբյեկտների կողմից սեփական միջոցներով լուծարվել են 11, կոնսերվացվել՝ 34 և փականային ռեժիմի բերվել 2 հորատանց՝ ընդհանուր 920 լ/վ ջրաքանակով:

Հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում լուծարվել է շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հոր, իսկ Հովտաշատ համայնքի տարածքում գործող երկու ձկնաբուծական տնտեսություններում փականային ռեժիմի բերելու միջոցով կատարվել են 4 հորերից օգտագործվող ջրային ռեսուրսների սահմանափակման միջոցառումներ՝ համապատասխանաբար խնայելով 160 լ/վ և 103 լ/վ արտեզյան ջուր: Այսպիսով խնայվել է մոտ 340 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 10.7 մլն խ/մ:

Ընդհանուր առմամբ լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի են բերվել 97 հորատանցք՝ ընդհանուր 1570 լ/վ ջրաքանակով:

<
>