ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացվել է «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկում

15-08-2014

ՀՀ բնապահպանության նախարարությունում օգոստոսի 14-ին կազմակերպվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթներից բխող «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկում: Քննարկում անցկացնելու հիմք են հանդիսացել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը և «Նորմատիվ իրավական ակտերի նախագծի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման» կարգը: Հանրային քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ մի քանի ՀԿ-ներ նախագծի վերաբերյալ իրենց  առաջարկությունները և դիտողությունները ներկայացրել են էլեկտրոնային փոստով:

    Միջոցառման մեկնարկին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունման գործընթացը՝ նկատելով, որ «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն առաջինն է: Մյուս ենթաօրենսդրական ակտերը նույնպես կընդունվեն՝ հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցելով և հաշվի առնելով նրանց առաջարկությունները և դիտողությունները: Ս. Պապյանը շեշտել է, որ նոր ընդունված օրենքը մեկ քայլ առաջ է նախկին օրենքից՝ հատկապես Օրհուսի կոնվենցիայի դրույթների կատարման առումով: 

   «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացրել է աշխատանքային խմբի անդամ Ազգանուշ Դռնոյանը: Վերջինս նշել է, որ ի տարբերություն նախորդ օրենքի, նոր օրենքով նախատեսվում է հասարակության կարծիքը հաշվի առնել նախափորձաքննական փուլում, այն ներառել պահանջվող փաստաթղթերի փաթեթում և նոր միայն դիմել լիազոր մարմնին՝ փորձաքննությանը: Բուն փորձաքննության գործընթացում նախատեսված են ևս երեք հասարակական լսումներ: Նոր կարգով հստակեցված է նաև հանրային լսումների ծանուցման, իրազեկման մեխանիզմները: Բանախոսը նաև տեղեկացրել է, որ կարգում մշակված են այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստեն հասարակության կարծիքի լիարժեք հաշվի առնմանը, ըստ որի  փաստաթղթերում պետք է հիշատակվեն հասարակության ներկայացուցիչների հնչեցրած բոլոր առաջարկությունները, դրանց ընդունման կամ մերժման հիմնավորումները:

Անցկացված շահագրգիռ քննարկման ընթացքում արվել են մի շարջ առաջարկություններ և դիտողություններ: Մասնավորապես՝ քննարկման մասնակիցներն առաջարկել են օրենքում հստակ սահմանել հանրային լսումների մասին տեղեկատվություն հրապարակող մարմինը, հստակեցնել, թե ինչպես է որոշվում ազդակիր համայնքը, երկարացնել փաստաթղթերին ծանոթանալու համար հատկացված ժամկետները, կանոնակարգել նաև հանրային լսումների ժամանակ տեսագրությունների և ձայնագրությունների որակի հարցը:

Ամփոփելով քննարկումների արդյունքները՝ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն այն գնահատել է արդյունավետ և տեղեկացրել, որ առաջարկությունները սեղմ ժամկետներում կքննարկվեն, նախագիծը կլրամշակվի և կկազմակերպվի ևս մեկ հանդիպում կարգի նոր տարբերակի քննարկման համար:

<
>