ԳԷՀ 6-ի (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ) շրջանակներում ՀՀ-ին կտրամադրվի 7,9 մլն ԱՄՆ դոլար

20-08-2014

ԳԷՀ 6-ի (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ) շրջանակներում ՀՀ-ին կտրամադրվի 7,9 մլն ԱՄՆ դոլար` կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և հողերի պահպանության ոլորտներում 2014-2018թթ ԳԷՀ-ի կիզակետային ծրագրերի իրականացման նպատակով: Այս առթիվ ՀՀ Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի նիստ: Նախարար Ա. Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին ակտիվ մասնակցության համար` խոսքը փոխանցելով ՀՀ ԲՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գ. Հովհաննիսյանին: Վերջինս ներկայացրել է Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) 6-ի տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրային առաջարկները՝ տեղեկացնելով, որ ԳԷՀ-6 շրջանակներում Հայաստանին հատկացվող գումարը կազմելու է 7,9 մլն. ԱՄՆ դոլար: Հայաստանն իր ծրագրային առաջարկների ցանկը պետք է ներկայացնի մինչև 2014թ. սեպտեմբերի վերջը՝ ԳԷՀ-6-ում ընդգրկելու համար:

Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հայտերը, որոնցից 2-ը վերաբերվում է կլիմայի փոփոխության, 10-ը՝ կենսաբազմազանության պահպանության, իսկ 6-ը հողերի պահպանության ոլորտին, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ներկայացված հողերի ոլորտի ծրագրային նախագիծը, որն առաջարկվում է իրականացնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ:

Ամփոփելով նիստը՝ նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գիտականորեն հիմնավորված և առաջնային ծրագրային առաջարկներ և պատրաստակամություն հայտնել վերջիններիս բանակցային աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում:

Միաժամանակ նշվել է, որ ներկայացվող առաջարկները պետք է բացառեն կրկնությունները և չսահմանափակվեն միայն միջազգային փորձի տեղայնացումով, այլ ունենան արդյունավետ շարունակականություն ապահովող հիմքեր:

<
>