Կայքը վերաթողարկման փուլում է

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված միջոցառումների նոր փուլ է իրականացվում

02-11-2017

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի մարզում: Նախարարը, նրան ուղեկցող աշխատանքային խումբը, որի կազմում եղել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի մասնագետները հետևել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված միջոցառումների ընթացքին, ծանոթացել դրանց իրականացման  արդյունքում արձանագրված դրական տեղաշարժերին:
Աշխատանքային խմբի առաջին կանգառն եղել է Սայաթ-Նովա համայնքում, որտեղ հետևել է «Գոլդն Ֆիշ-Կ» ՍՊԸ (նախկին` «Յունիֆիշ» ՍՊԸ) ձկնաբուծական տնտեսության խորքային հորի չափաբերման, փականային ռեժիմի բերման և կապարակնքման աշխատանքների ընթացքին: 
    Հայանիստ համայնքում նախարարին է ներկայացվել  ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում ձկնաբուծարանից հեռացվող ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար կառուցված պոմպակայանի աշխատանքները և պիլոտային ծրագրի իրականացման արդյունքները: Ծրագրի մասնագետները հայտնել են, որ պոմպակայանի շահագործման արդեն առաջին տարում ոռոգվել է 40 հա տարածք, որը նախկինում հնարավոր չի եղել ոռոգել: Պոմպակայանի ջրերով հնարավոր է ոռոգել 80 հա հողատարածք, ինչը կարվի արդեն հաջորդ տարի: Ձկնաբուծարանի հետադարձ ջրերի որակը ստուգվել է երկու անգամ՝ ծրագրի նախագծման փուլում (2016թ. փետրվար) և նախքան ոռոգման շրջանը (2017թ. ապրիլ): Նմուշները ստուգվել են 38 չափանիշներով, ներառյալ՝ հիմնական ֆիզիկական և քիմիական պարամետրերը և ծանր մետաղները: 
Ստացված արդյունքները համեմատվել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ոռոգման ջրի համար սահմանված ցուցանիշների հետ: Ստուգումներ են կատարվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայում պտուղ-բանջարեղենային մթերքների համար սահմանված հիմնական ցուցանիշներով: Նամաձայն տրված եզրակացության, սեխի ու ձմերուկի փորձարկված նմուշները համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սննդի անվտանգության նորմերին: Ըստ նախարարի, Եթե ձկնաբուծարանների օգտագործած ջուրը նաև ոռոգման նպատակով երկրորդային օգտագործվի, ապա կխնայվի 70 մլն մ3 ջուր, որը յուրաքանչյուր տարի բաց է թողնվում Սևանա լճից Արարատյան դաշտի գյուղատնտեսական հողերը ոռոգելու նպատակով:
 ՀՀ Արարատի մարզի Սիփանիկ համայնքում ՀՀ բնապահպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է ԳԱՏՕ ծրագրի կողմից 2017թ. իրականացված  մեկ խորքային հորի լուծարման աշխատանքների արդյունքներին, ինչով տարեկան խնայվել է 1.9 մլն մ3 ջուր և չորացվել է դեռևս 1970 ական թվականներից գործող վթարային հորի շուրջ ձևավորված ճահճուտը: Նախարարը ծանոթացել է նույն համայնքում գործող «Ինտեր ակվա» ՍՊԸ ձկնաբուծական տնտեսությունում գործածվող ջրախնայող նորագույն տեխնոլոգիաներին: Ա. Մինասյանը նկատել է, որ ջրի օգտագործման կիսափակ այդ համակարգը, խորքային ջրերի խնայողությանն ուղղված միջոցառումներից մեկն է, ինչը թույլ է տալից ընդերքից վերցված միավոր ջրով ավելի շատ ձուկ աճեցնել`  բացառելով արտադրության աճի համար լրացուցիչ ջրառը: 
 Պատասխանելով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողության ուղղությամբ գերատեսչության կատարած այլ քայլերի վերաբերյալ լրագրողների հնչեցրած հարցերին` ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ խնդիր է դրված հստակ ամրագրել Արարատյան դաշտի խորքային ջրային ռեսուրսների օգտագործվող ծավալները: Ճշտգրկման կարիք ունի նաև «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված Արարատյան դաշտի 1100,0 մլն մ³ /տարի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը, քանի որ այն դեռևս խորհրդային տարիներին իրականացված ուսումնասիրությունների արդյունք է:  Այդ խնդիրները լուծելու նպատակով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում լիազոր գերատեսչությունն իրականացնում է գործնական քայլեր` ներգրավում դրամաշնորհային միջոցներ: Այդ նպատակով բոլոր ձկնաբուծական տնտեսություններում առաջիկայում կներդրվի ավտոմատ կառավարման հոսքաչափական համակարգ: Այն յուրաքանչյուր ցանկացողի հնարավորություն կտա առցանց հետևել ձկնաբուծարանների կողմից` այդ պահին օգտագործվող ջրի ծավալներին: Համակարգը կդյուրինացնի հատկապես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթի իրականացումը:
 Ա. Մինասյանը հայտնել է, որ ավտոմատ կառավարման հոսքաչափեր առաջիկայում տեղադրվելու են 4 խոշոր` «Մաքս ֆիշ», «Ինտեռ Ակվա», «Գոլդ Ֆիշ-Կ» և «Ալեքս հոլդինգ» ձկնաբուծական տնտեսություններում և նախատեսվում է մինչև 2019 թվականի ավարտը համակարգի մեջ ներառել բոլոր տնտեսությունները: Հոսքաչափերի ներկրման ոլորտում բացառվելու է մենաշնորհը և ներկրող ընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն թե´ տեղադրման, թե´ հետագայում սպասարկման ծառայությունների համար: Հոսքաչափերը տեղադրվելու են պետության կողմից և տնտեսվարողների ցանկությամբ դրանք կարող են ձեռք բերվել սեփական միջոցներով` հետագայում ներդրած գումարը պետությանը փոխանցվող իրենց շահութահարկից հետ ստանալու պայմանով:

Տեղեկանք
2016թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում իրականացված գույքագրման և հաշվառման տվյալների համաձայն Արարատյան դաշտում ջրառը կազմել է շուրջ 1.67  մլրդ մ3/տարի, մինչդեռ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1100,0 մլն մ3/տարի:
Գույքագրումից հետո առ այսօր Արարատյան դաշտում իրականացվել է 2 խորքային հորի լուծարում՝ արդյունքում խնայվել է 70 լ/վրկ ջրաքանակ, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տարածքում կոնսերվացվել է 2 խորքային հոր՝ ընկերության սեփական միջոցներով, ինչպես նաև խորքային 127 հոր բերվել է փականային ռեժիմի:
Ընդամենը խնայվել է 6363.0 լ/վրկ ջրաքանակ, ինչը տարեկան կազմում է 200.6 մլն.մ3: Համեմատական անցկացնելով, նկատենք, որ համաձայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ 2016 թվականին փաստացի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից օգտագործված  ջրածավալը Երևանում և 30 գյուղական համայնքներում միասին կազմել է 260.3 մլն մ3/տարի:

ՀՀ բնապահպանության նախարարի 2017թ. հունիսի 25-ի N716-Ա հրամանի համաձայն, 2017թ. սեպտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում իրականացվում են ջրային ռեսուրսների պահպանության նկատմամբ ուսումնասիրություններ` ջրաչափում, խորքային հորերի փականային ռեժիմի բերում, կապարակնքում: 
    Նշված հրամանի համաձայն` 2017թ. սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են ուսումնասիրություններ շուրջ 82 ձկնաբուծական տնտեսություններում, կազմվել են 64 ջրաչափական, 40 կապարակնքման ակտեր, 5 խորքային հորի փականների կնիքների բացակայության վերաբերյալ 1 ակտ, 102 հոր կապարակնքվել է, 2 հոր ենթակա է լուծարման, 22 հոր ենթակա է կոնսերվացման, 17 ջրօգտագործող չի գործում, ռեժիմային դիտարկումներ իրականացնելու համար կնքվել է 18 նոր պայմանագիր, 82 ձկնաբուծական տնտեսությունների 219 խորքային հորից փաստացի ծախսը կազմում է մոտ 13461.7 լ/վրկ, ՋԹ-ով 13827.0 լ/վրկ, խնայվել է մոտ 283.0 լ/վրկ ջրաքանակ:

<
>