ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է ջերմաարդիականացված շենքի պաշտոնական բացման արարողությանը

19-09-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր մասնակցել է Ավան վարչական շրջանի Դ. Վարուժան 6 հասցեում գտնվող ջերմաարդիականացված շենքի պաշտոնական բացման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ Էներեգտիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության ղեկավար Արմեն Հարությունյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարության, ինչպես նաև միջազգային կառույցների, նախագծային և շինարարական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ՀՀ բնապահպանության և քաղաքաշինության նախարարությունների համակարգման ներքո՝ 2010թ.-ից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի նպատակն է իրականացնել տիպային շենքերի ջերմաարդիականացում և ցուցադրել գոյություն ունեցող շենքերի էներգաարդյունավետության ներուժը և միջոցառումների տնտեսական հիմնավորվածությունը:

Շենքի ջերմաարդիականացման աշխատանքները ֆինանսավորվել են ՄԱԶԾ-ԳԷՖ /UNDP-GEF/ ծրագրի և համաֆինանսավորվել` Երևանի քաղաքապետարանի կողմից:

Էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունքում շենքի ջերմային էներգիայի տեսակարար բնութագիրը բարելավվել է շուրջ 60 տոկոսով` 178 կՎտժ/մ2 տարի ցուցանիշը նվազել է մինչև 74 կՎտժ/մ2 տարի: Արդյունքում հնարավոր է եղել շենքում ապահովել բավական մատչելի ջեռուցում բնակիչների համար (մոտ 287 դրամ/մ2 ամիս, 100 տոկոս ջերմային հարմարավետության մակարդակի պայմաններում): Շենքի մակարդակով տարեկան տնտեսումը կազմում է շուրջ 6 մլն. դրամ (գազի և էլեկտրաէներգիայի ներկա սակագներով):

Սա Հայաստանում բազմաբնակարան շենքի առաջին լայնամասշտաբ ջերմաարդիականացման փորձն է, որը կարող է ունենալ բարձր կրկնօրինակելիություն` հաշվի առնելով նմանատիպ շենքերի էներգետիկ ծախսերի նվազեցման, ինչպես նաև երկրի էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

<
>