Անցկացվել են Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

22-09-2014

Սեպտեմբերի 16-ին և 17-ին ՀՀ բնապահպանության նախարարության ներքո գործող Օզոնի ազգային կենտրոնի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվել են մի շարք միջոցառումներ` նվիրված Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան:

Միջոցառումները մեկնարկել են սեպտեմբերի 16-ին ժամը 19.30-ին “Պողոսյան պարտեզներ” այգում, որտեղ տեղի է ունեցել լուսանկարչական մրցութային աշխատանքների ցուցահանդես և մրցանակաբաշխություն “Օզոնային շերտի պահպանություն. առաքելությունը շարունակվում է” խորագրի ներքո: Լավագույնը ճանաչված լուսանկարների հեղինակներ Աննա Արմենուհի Գրիգորյանը՝ (16 տարեկան “Առողջ կյանք” լուսանկարով), Ռոբերտ Հարությունյանը (24 տարեկան, “Մեղավորներից մեկը” լուսանկարով) և Նարե Խաչատրյանը (16 տարեկան, “Պահպանենք, որ պահպանված լինենք” լուսանկար) որպես պարգևատրում ստացել են հեծանիվներ:

Մրցութային հանձնաժողովը նաև հատուկ ընդգծել է “Պահպանենք օզոնային շերտը” լուսանկարը, որում Մալաթիա-Սեբաստիա համայնքի N 105 ավագ դպրոցի աշակերտները, օզոնի քիմիական բանաձևի՝ O3-ի տեսքով շարված և ձեռքերը վեր պարզած, օզոնային շերտի պահպանության իրենց յուրահատուկ կոչն էին հնչեցնում: Որոշում է կայացվել, ըստ այդմ, պարգևատրման համար նախատեսված չորրորդ հեծանիվը շնորհել նրանց:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից hատուկ մրցանակ` ֆոտոխցիկ է շնորհվել “Պահպանելով օզոնը` պահպանիր քեզ” լուսանկարների հեղինակ 16 ամյա Լուսինե Թորոսյանին:

Ժամը 20.30-ին մասնակիցների համար այգում կազմակերպվել է “Փրկել երկիրը” լայնամետրաժ մուլտֆիլմի բացօթյա ցուցադրությունը:

Սեպտերմբերի 17-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Սառնարանային ասոցիացիայի անդամների հետ, որի նպատակն էր գնահատել ոլորտի ներկայիս իրավիճակը՝ կապված սարքավորումներից օզոնը քայքայող գազերի արտանետման հետ, բացահայտել խնդիրները և նախանշել ՀՀ բնապահպանության նախարարության ներքո գործող Օզոնի ազգային կենտրոնի հետ համագործակցության ուղիները: Հանդիպման վերջում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ սեղմ ժամկետում ներկայացնել դիրքորոշում արծարծված հարցերի վերաբերյալ:

<
>