ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների Միջպետական բնապահպանական խորհրդի անդրանիկ նիստին

10-10-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սույն թվականի հոկտեմբերի 6-ից 8-ը մասնակցել է ԱՊՀ Միջպետական բնապահպանական խորհրդի անդրանիկ նիստին, որը տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում:

Հանդիպման ընթացքում Խորհրդի անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների Միջպետական բնապահպանական խորհրդի նախագահի և համանախագահի ընտրություն: Անց են կացվել քննարկումներ ԱՊՀ անդամ պետությունների միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության զարգացման, ինչպես նաև համագործակցության խնդիրների և հեռանկարների վերաբերյալ: Արամայիս Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ կապված Միջպետական բնապահպանական խորհրդի դերի ու գործունեության հետ, մասնավորապես նշելով.«Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում ԱՊՀ անդամ պետությունների միջպետական բնապահպանական խորհրդի գործունեության դերը և բազմիցս ընդգծել է Համագործակցության երկրների ուժերի համախմբման կարևորությունը համատեղ բնապահպանական նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ: Ակնհայտ է, որ շրջակա միջավայրի պահպանությունն այն ոլորտն է, որը զարգանալով` իր հերթին կարող է խթանել և նպաստել մեր երկրների համագործակցության ընթացքում առաջացող բազմաթիվ այլ խնդիրների լուծմանը»:

Նիստի ավարտին ընդունվել է 2015-2016թթ. ԱՊՀ անդամ պետությունների Միջպետական բնապահպանական խորհրդի աշխատանքային պլանը, ինչպես նաև Միջպետական բնապահպանական խորհրդի քարտուղարության կանոնադրությունը:

Նիստի մասնակիցների կողմից կարևորվել է Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին նոր համաձայնագրի ուժի մեջ մտնելը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ այն համահունչ է ԱՊՀ անդամ-պետությունների կողմից որդեգրած բնապահպանական քաղաքականության հիմնական ուղղություններին և նպատակներին:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են Միջպետական բնապահպանական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2015 թվականին Աստանայում:

<
>