Արարատյան արտեզյան ավազանի որոշ խորքային հորերում արձանագրվել են ջրաքանակների ավելացման դեպքեր

03-11-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները:

Վերջին երեք ամիսներին իրականացված միջոցառումների ժամանակ Արարատյան արտեզյան ավազանում խնայվել է 16000լ/վ ջուր, ինչի արդյունքում որոշ տնտեսվարողների մոտ արձանագրվել է ինքնաշատրվանող հորերի ջրթողունակության ավելացում:

Ինքնաշատրվանող հորերի ջրի ավելացման պատճառով Արաքս համայնքի տնտեսվարողներ Հովակիմ Հովակիմյանը և Համբարձում Սարգսյանը դիմել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն և Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն` իրենց տնտեսություններում հորերի կարգաբերման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Մոնիթորինգի և ստուգումների արդյունքում Արաքս համայնքի տնտեսվարող Հովակիմ Հովակիմյանի տնտեսությունում խորքային հորից ջրաելքը կազմել է 61լ/վ, այն դեպքում, երբ չորս ամիս առաջ եղել է 35լ/վ: Փականային եղանակով կարգաբերման արդյունքում ջրառն իջեցվել է տնտեսության ջրօգտագործման թույլտվությունում սահմանված չափաքանակի:

Ջրառատ համայնքի տնտեսվարող Վարդանիկ Պողոսյանի տնտեսությունում իրականացվել է ինքնաշատրվանող խորքային հորի չափագրման աշխատանքներ, ինչի արդյունքում արձանագրվել է 58 լ/վ ջրաքանակ: Մի քանի ամիս առաջ վերոհիշյալ տնտեսության խորքային հորի ջրթողունակությունը եղել է 32լ/վ:

Արաքս համայնքի տնտեսվարող Համբարձում Սարգսյանի տնտեսությունում իրականացրած չափագրման արդյունքում արձանագրվել է, որ ջրերի ավելացման հետևանքով ինքնաշատրվանող խորքային հորի նախկին՝ 29 լ/վ ջրթողունակությունը հասել է 36լ/վ-ի:

 

<
>