Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի են ունեցել միջոցառումներ` նվիրված թանգարանի ցուցադրության վերաբացման 10 ամյակին

14-11-2014

ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի են ունեցել միջոցառումներ` նվիրված թանգարանի ցուցադրության վերաբացման 10 ամյակին: Թանգարանը, հիմնադրվելով 1952թ-ին, ծանրակշիռ ներդրում է ունեցել շրջակա միջավայրի խնդիրների մասին հանրության իրազեկման, բնապահպանական դաստիարակության, բնապահպանական մտածելակերպի ու մշակույթի ձևավորման գործում: Ցուցադրության համար համապատասխան տարածքներ չունենալու պատճառով թանգարանը 1991-2004թթ. հարկադիր պարապուրդի էր մատնվել: 2004 թ-ին իրանահայ բարերարներ տեր և տիկին Ահարոնյանների նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ թանգարանը վերսկսել է ցուցադրությունը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր ելույթում շնորհավորել է բոլորին ցուցադրության վերաբացման տարեդարձի առթիվ և նշել, որ այն նշանակալի իրադարձություն է, քանի որ թանգարանը մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող եզակի գիտամշակութային կենտրոններից մեկն է, ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում:

Կարևորելով առկա բնապահպանական հիմնահարցերի լուծման գործընթացում հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը և սերունդների բնապահպանական դաստիարակությունը՝ Արամայիս Գրիգորյանն ընդգծել է. «ՀՀ կառավարությունը, ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ տանում է համակարգված քաղաքականություն. իրականացվում են աշխարհում աննախադեպ մեծ քանակությամբ և եզակի բուսական ու կենդանական տեսակների պահպանության, բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծման, բնական պաշարների կայուն օգտագործման հզորությունների զարգացման միջոցառումներ: Այս շղթայի կարևոր օղակն է հասարակության լայն շերտերի մոտ բնապահպանական գիտակցության ձևավորումը և իրազեկումը, ինչը թանգարանի առաքելությունն է»:

Ելույթներով հանդես են եկել նաև բարերար Լևոն Ահարոնյանը, Աժ պատգամավոր Մարգարիտ Եսայանը և այլ հասարակական գործիչներ և արվեստագետներ: Բանախոսները բարձր են գնահատել թանգարանի դերը հասարակության տարբեր տարիքային խմբերի մոտ բնապահպանական աշխարհայացք ձևավորելու գործում և աշխատակազմին շնորհակալություն հայտնել բարեխիղճ աշխատանքի համար: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն իր շնորհավորական ելույթից հետո Հայաստանի բնության պետական թանգարանին շնորհել է «WWF- Հայաստանի լավագույն գործընկեր» մրցանակը: Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը պատվոգրեր է հանձնել թանգարանում բնապահպանական թեմաներով պարբերաբար ցուցահանդեսներ կազմակերպած և Հայաստանի բնաշխարհը իրենց արվեստի գործերում ներկայացրած մի խումբ գործիչների:

 

<
>