ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ուղերձն Ազգային պարկերի և հատուկ պահպանվող տարածքների օրվա կապակցությամբ

12-01-2015

Հունվարի 11-ը Ազգային պարկերի և հատուկ պահպանվող տարածքների օրն է, ինչի առթիվ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալական ուղերձներ է հղել բնության հատուկ պահպանվող տարածքների /ԲՀՊՏ/ աշխատակիցներին. «Հարգելի գործընկեր, կարևորելով օրվա խորհուրդը և բարձր գնահատելով մեր երկրի գողտրիկ բնության այս տարածքներում Ձեր կողմից իրականացվող անմնացորդ նվիրումով աշխատանքը` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն արդյունավետ կազմակերպելու համար: Մեր միասնական գործունեությունն ու համատեղ ջանքերն ուղղված են կատարելագործելու մեր երկրի հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռազմավարությունը, զարգացնելու էկոզբոսաշրջությունը, բարձրացնելու իրազեկության մակարդակը՝ ԲՀՊՏ-ների նկատմամբ պատշաճ պահպանություն, խնամք և ուշադրություն ցուցաբերելու ուղղությամբ, որոնք անպայման տալու են իրենց պտուղները, և տեսանելի ապագայում մենք ունենալու ենք միջազգային նորմերին համապատասխանող ԲՀՊՏ-ներ: Սա մեկ հոգու աշխատանքի արդյունք չէ, սա միասնական և համակարգված գործունեության արդյունք է` սկսած պահակից մինչև տնօրեն: ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարումը պայմանավորված է առաջին հերթին կադրերի մասնագիտական պատրաստվածության մակարդակով, որի ուղղությամբ հատկապես վերջին տարիներին բավականին արդյունավետ կերպով զարգանում է միջազգային համագործակցությունը: ՀՀ բնապահպանության նախարարությունը շարունակելու է բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանը և ընդլայնմանն ուղղված աշխատանքները, որոնք մեր հարուստ կենսաբազմազանության պահպանման կարևոր միջոցներից են:

Շնորհավորում եմ Ձեզ Ազգային պարկերի և հատուկ պահպանվող տարածքների օրվա կապակցությամբ, մաղթում արդյունավետ և հետևողական աշխատանք

ՀՀ բնապահպանության նախարար՝ Արամայիս Գրիգորյան»:

______________________________________________________________________________________

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման մշակույթն ունի հազարամյակների պատմություն: Դեռևս 4–րդ դարում հայոց արքա Խոսրով Բ Կոտակը հիմնադրել է Խոսրովի անտառ թագավորական որսատեղին, որը սկիզբ էր առնում Արարատյան դաշտում` Արաքսի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում մինչև Ազատ գետը. անտառի առանձին հատվածներ պահպանվել են մինչև մեր օրերը և ընդգրկված են «Խոսրովի անտառ» պետարգելոցում:

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը ձևավորվել է 1958 թվականից, երբ ստեղծվել են «Խոսրով», «Դիլիջան» և «Շիկահող» պետական արգելոցներն ու մի շարք այլ պետական արգելավայրեր: Հետագայում, կենսաբազմազանության պահպանությունը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համակարգն ընդլայնվել է` ստեղծելով նոր ազգային պարկեր, արգելոցներ և արգելավայրեր: Վերջին 5-6 տարիների ընթացքում ստեղծվել են նոր ԲՀՊՏ-ներ` «Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերը, «Զանգեզուր», «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Խոր Վիրապ», «Զիկատար» և «Խուստուփ» պետական արգելավայրերը, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 104.122 հա տարածք: Այժմ Հայաստանում գործում են 3 պետական արգելոց` «Խոսրովի անտառ», «Շիկահող», «Էրեբունի» ` ընդհանուր 35.400հա, 4 ազգային պարկ` «Արփի լիճ», «Արևիկ», «Սևան», «Դիլիջան»` ընդհանուր 236.690հա տարածքով, 27 պետական արգելավայր և 232 բնության հուշարձան, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 376.252 հա: Ընդհանուր առմամբ, ԲՀՊՏ-ում պահպանվում են հանրապետության ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի մոտ 75-80%-ը, ինչպես նաև բնական բուսական տիպերի մեծ բազմազանությունը: Հայաստանի ԲՀՊՏ-ները հարուստ են նաև պատմամշակութային ժառանգությամբ, որոնց առկայությունը հնարավորություն է տալիս մշակել գիտաճանաչողական (հնագիտական, երկրաբանական, էկոլոգիական, էթնոգրաֆիկ) զբոսաշրջության ձևեր: Օրինակ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը հարուստ է վաղ միջնադարյան և միջնադարյան պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ առկա են ավելի քան 1500, «Սևան ազգային պարկի» տարածքում՝ 1458, իսկ «Դիլիջան» ազգային պարկի տարածքներում` 473 հուշարձաններ:

<
>