Նոր հոսքաչափեր` Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգն ուժեղացնելու նպատակով

24-02-2015

Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանը տրամադրվել են վերջին սերնդի շարժական հոսքաչափեր, որոնց կիրառումը նպատակ ունի հզորացնելու Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի մեծածավալ օգտագործման հսկողության մեխանիզմները: Հոսքաչափերը ձեռք են բերվել ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի կողմից` ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը տրամադրվող տեխնիկական աջակցության շրջանակներում:

Շարժական հոսքաչափերը կօգտագործվեն ձկնաբուծական տնտեսությունների և տարածքի այլ խոշորագույն ջրօգտագործողների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման ծավալների մոնիթորինգի նպատակով:

Հոսքաչափերի հանձնման և փորձարկման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող «Մասիս Ձուկ» ձկնաբուծական տնտեսությունում, որին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ) ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Դավիթ Գրիգորյանը, Արարատի փոխմարզպետ Աշոտ Վարդանյանը և Սայաթ-Նովա համայնքի ղեկավար Ռազմիկ Ալավերդյանը:

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, ընդգծել է. «ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ բնապահպանության նախարարության միջև համագործակցությունը շուրջ 20 տարվա պատմություն ունի: Այդ ակտիվ համագործակցության արդյունքում գործակալությունը լուրջ ներդրում է ունեցել մեր երկրի բնապահպանության ոլորտում, որի կարևորագույն բաղադրիչներից է ջրային ռեսուրսների կայուն կառավարման ապահովման խնդիրը: Գործակալությունը նախարարությանն աջակցել է մասնավորապես օրենսդրական դաշտի կարգավորման, ինստիտուցիոնալ կառույցների կայացման, հզորացման, տեխնիկական վերազինման, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև ջրային ռեսուրսների կայուն կառավարման խնդիրների կարգավորման հարցերում: Ջրային ռեսուրսների խնայողության և արդյունավետ կառավարման հարցում կարևորելով և բարձր գնահատելով տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը` նախարարությունը բարձրացրել էր նոր սարքերով համալրվելու անհրաժեշտության խնդիրը, որին անմիջապես արձագանքել է ԱՄՆ ՄԶԳ-ն` տրամադրելով չափիչ սարքեր, որոնք հնարավորություն կընձեռեն առավել ճշգրիտ իրականացնել մոնիթորինգը և առավել արդյունավետ կազմակերպել ջրային ռեսուրսների կառավարման խնդիրները»: Կարևորելով Արարատյան դաշտավայրի ստորերկրյա քաղցրահամ ջրերի պաշարի խնայողության և արդյունավետ կառավարման խնդիրը` բնապահպանության նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ այդ ուղղությամբ 2014-ին իրականացված միջոցառումների շրջանակներում /ապօրինի խորքային հորերի լուծարում, կոնսերվացում և փականային ռեժիմի բերում/ նախարարությանը հաջողվել է խնայել շուրջ 753մլն խ/մ ջուր և տեղեկացրել է, որ այս միջոցառումները շարունակվելու են նաև 2015-ին:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն ու ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցն իրենց ելույթներում ևս ողջունել են Արարատյան դաշտի և ՀՀ ջրային ռեսուրսների խնայողությանը միտված նախաձեռնություններն ու համատեղ ծրագրերը` հույս հայտնելով, որ նման աջակցությունները կօգնեն ՀՀ բնապահպանության նախարարությանը ստորերկրյա քաղցրահամ ջրերի պաշարները վերահսկելի դարձնելու և առավել արդյունավետ օգտագործելու հարցում: Մասնավորապես, տիկին Ֆրիցն իր ելույթում ընդգծել է, որ ըստ ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի ուսումնասիրության՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ռեսուրսների նվազման պատճառներից մեկը ձկնաբուծարանների կողմից ջրային պաշարների անխնա օգտագործումն է: Տրամադրվող հոսքաչափերը կօժանդակեն Բնապահպանության նախարարությանը հզորացնել վերահսկողության մեխանիզմներն Արարատյան դաշտում` ի նպաստ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող բնական ռեսուրսների պահպանության:

ՀՀ բնապահպանության նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նաև պլանավորում են առաջիկայում համատեղ մշակել ջրային ռեսուրսների մոնիթորինգի տեխնիկական վերազինման համալիր ծրագիր:

 

<
>