Փետրվարի 23-ից 27-ը Երևանում անցկացվել է դասընթաց՝ ուղղված վայրի բնության նմուշների ապօրինի առևտրի կանխարգելմանը:

27-02-2015

ՀՀ Բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի (IFAW) համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 23-ից 27-ը Երևանում անցկացվել է դասընթաց՝ ուղղված վայրի բնության նմուշների ապօրինի առևտրի կանխարգելմանը:

Վայրի բնության նմուշների ապօրինի առևտուրը վտանգված վայրի կենդանատեսակների և բուսատեսակների վերացմանը նպաստող հիմնական սպառնալիքներից է: Միլիարդավոր դոլարների շրջանառություն ունեցող անօրինական բիզնեսի այս տեսակը թմրանյութերի, զենքի անօրինական առևտրին և թրաֆիքինգին համարժեք հանցագործություն է:

Փետրվարի 23-ից 27-ը Երևանում անցկացված վայրի բնության ապօրինի առևտրին նվիրված դասընթացը պետական, հասարակական կառույցների և լրատվամիջոցների լայն մասնակցություն ունեցավ: Դասընթացի թեմաները ներառում էին տեղեկատվություն վայրի տեսակների առևտրային կարգավիճակների, վայրի բնության դեմ հանցավորության և համապատասխան պատժամիջոցների, միջազգային կոնվենցիաների, ներպետական օրենսդրությունների, միջգործակալական համագործությունների մասին:

Դասընթացն անցկացրել են «Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչներ Մարիա Վորոնցովան (ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն), Վիվեկ Մենոնը (Հարավային Ասիայի տարածաշրջանային տնօրեն) Մոհամեդ Էլսայեդը (Մերձավոր Արևելքի տարածաշրջանային տնօրեն) և Չարլզ Մաքեյը (ոլորտի փորձագետ, դասընթացավար):

Փետրվարի 25-ին դասընթացի շրջանակում IFAW դասընթացավարներին ընդունել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը: Վերջինս ողջունելով հյուրերին, նկատել է, որ կազմակերպված դասընթացների արդյունքում ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ մատուցվեցին պատասխանատու գերատեսչությունների համապատասխան մասնագետներին, այլ նաև ԶԼՄ-ներով լայնորեն լուսաբանվելու շնորհիվ հանրության մոտ բարձրացվեց խնդրի վերաբերյալ իրազեկվածության աստիճանը: Փոխնախարը կարևորել է նաև խնդրի լուծման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը: Խաչիկ Հակոբյանը շեշտել է, որ միջոցառումը ՀՀ բնապահպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության լավ օրինակ է: Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Մարիա Վորոնցովան, շնորհակալություն հայտնելով ՀՀ բնապահպանության նախարարությանը սեմինարին աջակցելու համար, իր հերթին կարևորել է վայրի բնության ապօրինի շահագործման դեմ պայքարի գործում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը: «Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամ»-ի Հարավային Ասիայի տարածաշրջանային տնօրեն Վիվեկ Մենոնը նկատել է, որ կենդանիների մաքսանենգության դեմ պայքարը կարևոր է Հայաստանի համար նաև իր հարուստ կենդանական և բուսական աշխարհը պաշտպանելու համար: Հանդիպմանը քննարկվել են վայրի կենդանիների պաշտպանության և ապօրինի վաճառքի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և հետագա համագործակցության մեխանիզմներին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին փոխնախարարը հյուրերին նվիրել է ՀՀ Կարմիր գրքի մեկական օրինակ` հույս հայտնելով, որ առաջիկա տարիներին նմանօրինակ միջոցառումների, հանրային իրազեկվածության և համատեղ ջանքերի արդյունքում գրքի ծավալը կփոքրանա:

Երևանում անցկացվող դասընթացի նպատակն էր նվազեցնել Հայաստանում վայրի բնության նմուշների ապօրինի շրջանառությունը և բարելավել կենդանիների պաշտպանության ստանդարտները՝ պատասխանատու կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր:

 

<
>