Ստեղծվել է անտառային էկոհամակարգերի GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) տվյալների բազա

13-03-2015

ՀՀ բնապահպանության նախարարությունը` Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) հետ համագործակցությամբ և Նորվեգիայի ԱԳՆ ֆինանսական աջակցությամբ «Աջակցություն Հարավային Կովկասի լեռնային շրջաններում կենսաբազմազանության պահպանման քաղաքականության և պրակտիկայի զարգացմանը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում իրականացրել է GIS տվյալների բազայի և համապատասխան էկոհամակարգային ծառայությունների տնտեսական գնահատման քարտեզների ստեղծում` ՀՀ Տավուշի մարզի Կողբ և Ջուջևան համայնքների հարակից անտառապատ գոտիների համար: Տարածաշրջանային ծրագրի գլխավոր նպատակն է հզորացնել տեղական համայնքների և տեղական իշխանությունների կարողությունները Հարավային Կովկասի լեռնային շրջանների անտառային էկոհամակարգերի և կենսաբազմազանության կորստի կանխման նպատակով` բարելավելով կենսաբազմազանության մասնակցային կառավարումը, ինչպես նաև դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնման և դրանց նշանակության բարձրացման պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով ցույց տալ դրանց գործնական կիրառումը:

Որպես փորձացուցադրական ուսումնասիրություն` ծրագրի իրականացման սկզբնական փուլում կատարվել է ընտրված տարածքների հարակից գոտիների էկոհամակարգերի և կենսաբազմազանության (ներառյալ անտառային էկոհամակարգերը) տնտեսական գնահատում, իրականացվել են ինֆորմացիոն-տեղեկատվական գործողություններ, գիտելիքի և փորձի փոխանակման նպատակով անցկացվել են տարածաշրջանային և ազգային համաժողովներ, կատարվել է անտառային ռեսուրսների օգտագործման ուսումնասիրություն Հայաստանի թիրախային` Ջուջեվան և Կողբ համայնքների հարակից գոտիներում: Թիրախային համայնքների հարակից գոտիների համար մշակվել է անտառային էկոհամակարգերի GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) տվյալների բազա: Տեղական մակարդակում անցկացվել է կարողությունների կարիքների գնահատում` տեղական զարգացման քաղաքականության մեջ կենսաբազմազանության պահպանման, կայուն օգտագործման, անտառների համայնքային կառավարման հարցերի ներառման նպատակով: Կազմակերպվել է ուսուցում որոշումներ կայացնողների և տեղի բնակչության համար` կենսաբազմազանության պահպանման, կայուն օգտագործման, անտառների համայնքային կառավարման և այլ հարցերի շուրջ:

Պիլոտային ծրագրի արդյունքում հավաքագրվել են տվյալ համայնքների կադաստրային, անտառային գնահատման, հողերի, 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, Landsat-7 և RapidEye արբանյակային պատկերները, Կողբ և Ջուջևան համայնքների էկոհամակարգերի տնտեսական գնահատման տվյալները:

Կատարվել է հիմքային քարտեզի մշակում` ներառյալ իզոհիպսերը 5մ կտրվածքով, գետային ցանցը` դասակարգված ըստ գետերի կարգերի, աղբյուրները, ճանապարհային ցանցը, էլեկտրահաղորդման գծերը, պատմամշակութային հուշարձանները, բնակավայրերի սահմանը, անտառների սահմանը:

Կատարված վերլուծությունների արդյունքում կազմվել է էկոհամակարգերի տնտեսական գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության` ռելիեֆի թվային մոդելը, լանջերի կողմնադրությունները, լանջերի թեքությունները, տեղումների քարտեզը, մակերևույթի ջերմաստիճանների քարտեզները: Վերլուծությունների միջոցով ստացվել է համայնքների տարածքի գումարային, ուղիղ, ցրված արևային ճառագայթման և ճառագայթման տևողության պատկերները: ՀՀ անտառների կառավարման պլանների տվյալների բազայից մշակվել և ստացվել է Կողբ և Ջուջևան համայնքների անտառային քարտեզները՝ համապատասխան տվյալների բազայով հանդերձ:

Փորձնական ծրագրի հաջող իրականացումը թույլ կտա առաջիկայում ընդլայնել գործունեության աշխարհագրությունը` ստեղծելով ՀՀ-ի ներսում նոր տարածքների աշխարհագրական տեղեկատվական քարտեզներ` որոնք կներառեն էկոհամակարգերի ծառայությունների տնտեսական գնահատման մեթոդաբանությամբ ստեղծված նյութեր և կնշվեն նրանց կիրարկման հնարավորությունները:

<
>