Քննարկում ՀՀ բնապահպանության նախարարությունում «ԵՄ քաղաքապետերի դաշնագրին» միացած Հայաստանի 10 քաղաքային համայնքների և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

23-03-2015

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովին ընդառաջ, ՀՀ բնապահպանության նախարարությունում կազմակերպվել է կլոր սեղան «ԵՄ քաղաքապետերի դաշնագրին» միացած Հայաստանի 10 քաղաքային համայնքների ղեկավարների և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովի նախապատրաստական ժամանակաշրջանում բոլոր անդամակցող երկրներին առաջարկվել է ներկայացնել սեփական դիրքորոշումները «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողու¬թյունների» վերաբերյալ, որոնք օգտագործվելու են ապագա արձանագրության բովանդակության, այդ թվում ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների կրճատման ռեժիմի հստակեցման համար: Նախարար Արամայիս Գրիգորյանի խոսքով նախատեսվում է, որ 2020-ից սկսած` կոնվենցիային անդամակցող բոլոր երկրները պետք է ստանձնեն պարտավորություններ` կատարելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման որոշակի գործողություններ: Գործողությունների մասին պետք է ներկայացվի թափանցիկ և հստակ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով արտանե¬տու¬մ¬ների կրճատման գլոբալ ջանքերը, կամավորության սկզբունքով իրականացնում է կլիմայի փոփոխության մեղմման ուղղված միջոցառումներ և կլիմայի փոփոխության խնդիրները հետևողականորեն ներա¬ռում իր ազգային զարգացման ծրագրերում:

Այս համատեքստում ՀՀ բնապահպանության նախարարությունը` որպես Կոնվենցիայի ազգային համակարգող գերատեսչություն, հրավիրել է քաղաքային համայնքների ղեկավարներին` քննարկելու ջերմոցային գազերի արտանետումների կրճատման խնդրում քաղաքների մասնակցությունը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Հանդիպումը կազմակերպվել է` հաշվի առնելով կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծմանը նպատակաուղղված գործողություններում Հայաստանի քաղաքները ներգրավելու Եվրամիության ջանքերը, ինչպես նաև այդ քաղաքների ղեկավարների` ԵՄ քաղաքապետերի Դաշնագրին միանալու որոշումը:

Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներքո՝ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի խնդիրները, քաղաքների ներկայացուցիչներն անդրադարձել են այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին, քննարկել արտանետումների կրճատման շեմը և առնչվող այլ հարցեր:

Ներկայում համաձայնագրին միացած 10 քաղաքներից Սպիտակը, Ծաղկաձորը և Վայքն արդեն մշակել են արտանետման ծավալների կրճատմանն ուղղված ծրագրեր, իսկ մնացած քաղաքները գտնվում են մշակման տարբեր փուլերում:

Հանդիպման ավարտին նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է աջակցելու նրանց` ստանձնած պարտավորությունների կատարման հարցում:

 

<
>