Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

22-06-2015

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը:

Կոլեգիայի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին` խորհրդի հաստատմանն է ներկայացրել օրակարգը:

Զեկույցներով հանդես են եկել Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը, Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը և Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Մանուչարյանը:

Քննարկելով թափոնների կառավարման ոլորտի քաղաքականության բնագավառում առկա խնդիրները և լուծման ուղիները, կոլեգիան որոշել է առաջարկել Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի և Իրավաբանական վարչության պետերին շարունակել կատարելագործել օրենսդրական դաշտը` թափոնների արդյունավետ կառավարման նպատակով: Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների պալիգոնների ստեղծման անհրաժեշտության հիմնավորման նպատակով հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանին, Թափոնների և մթնոլորտ արտանետումների գործակալության, Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի և Միջազգային համագործակցության վարչության պետերին բանակցություններ վարել դոնոր միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ:

Անդրադառնալով պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համալիր շահագործման բնապահպանական ասպեկտների և բնապահպանական կառավարման պլաններով սահմանված մշտադիտարկումների կատարման գործընթացի կանոնակարգման մասին հարցին` Կոլեգիան որոշել է առաջարկել ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանին և Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ՀՀ "Ընդերքի մասին" օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից առաջ քաշել պահանջ՝ ընդերքշահագործումը ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելու և երկրաբանատնտեսագիտական գնահատման ժամանակ, նախքան հանքավայրի պաշարների հաստատումը, լիազոր մարմնի կողմից հաշվետվությունը ՀՀ բնապահպանության նախարարության համաձայնեցմանը ներկայացնելու մասին: Ինչպես նաև առաջարկել Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության և Իրավաբանական վարչության պետերին հանդես գալ օրենսդրական փոփոխությունով, որոնց արդյունքում ընդերքօգտագործողը բնապահպանական կառավարման պլանով նախատեսված բնապահպանական միջոցառումների կատարման մասին պարբերաբար հաշվետվություն կներկայացնի ՀՀ բնապահպանության նախարարությանը:

Քննարկելով ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի 2015 թվականի տարեկան ծրագրով հաստատված հավելվածի երկրորդ եռամսյակի երրորդ կետի քննարկվելիք հարցը, կոլեգիան որոշել է հավանություն տալ «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» Բոննի կոնվենցիայից բխող «Եվրոպայում չղջիկների պահպանության մասին» (EUROBATS) և «Աֆրո-Եվրասիական չվող ջրլող թռչունների պահպանության մասին» (AEWA) համաձայնագրերին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցին:

Նիստի ավարտին Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել կոլեգիայի անդամներին և զեկուցողներին արդյունավետ աշխատանքի համար:

<
>