ՀՀ բնապահպանության նախարարը Ժնևում մասնակցել է Քիմիական նյութերի միջազգային կառավարմանը նվիրված համաժողովին

05-10-2015

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ժնևում /Շվեյցարիա/ մասնակցել է Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման ղեկավար մարմնի` քիմիական նյութերի կարգավորման վերաբերյալ միջազգային համաժողովի 4-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հանդիպմանը: Միջոցառման հիմնական նպատակն է խթանել երկրների առավել լայն մասնակցությունը և ներգրավումը քիմիական նյութերի ռազմավարական մոտեցմանը` կարևորելով քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարմանն առնչվող հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը:

Պլենար նիստի ընթացքում հնչել են ծրագրային ելույթներ, որոնցում շոշափվել են զարգացման և բիզնեսի ոլորտում քիմիական նյութերի միջազգային կարգավորման ապագայի ռազմավարական մոտեցումները, ներկայացվել է քիմիական նյութերի կառավարման հայեցակարգը մինչև 2020թ., կոչ է արվել բոլոր շահագրգիռ կողմերին առաջիկա հինգ տարիների ընթացքում ջանքեր ներդնել 2020թ. նախանշված նպատակին հասնելու համար: Նստաշրջանն անցկացվել է երեք զուգահեռ նիստերով /«Բազմաճյուղային համագործակցություն քիմիական նյութերի առավել արդյունավետ կարգավորման համար», «Բազմաճյուղային համագործակցություն կայուն զարգացման համար», «Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման մոդելը գործողության մեջ» խորագրերով/:

«Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման մոդելը գործողության մեջ» խորագրով նիստի ընթացքում հնչել են մի շարք երկրների նախարարների և այլ բարձրաստիճան անձանց հայտարարությունները: Հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նախարարն իր ելույթում շեշտել է, որ քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարման սկզբունքը ներառված է Հայաստանի Հանրապետության բոլոր բնապահպանական և առողջապահական ռազմավարական փաստաթղթերում, սակայն շատ անելիքներ կան քիմիական նյութերի կառավարման մասին գիտելիքների ավելացման առումով` ելնելով ռիսկի հիմնավորված գնահատականից: ՀՀ բնապահպանության նախարարը մասնավորապես ասել է. «Որոշումների ընդունման, միջոցառումների անցկացման և ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի բազմաոլորտ համագործակցությունը և համաձայնեցված մոտեցումը: Այդպիսի մոտեցում պետք է լինի բոլոր հիմնախնդիրների լուծման համար` նանոտեխնոլոգիաներից մինչև բարձր թունունակությամբ և ժամկետանց պեստիցիդների պաշարները, արտադրության մեջ քիմիական նյութերը, ինչպես նաև էնդոկրին խանգարումներ առաջացնող նյութերը: Մեր երկրի տնտեսության մեջ շուկայական մեխանիզմների ներդրումը նպաստել է մասնավոր հատվածի և ձեռնարկատիրության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչն էլ ենթադրում է պետության դերի բարձրացում` առողջության պահպանման, շրջակա մրջավայրի պահպանության և էկոլոգիական անվտանգության հարցերում: Առաջ է եկել տնտեսական խթանների ձևավորման անհրաժեշտություն` բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների հոգատար վերաբերմունքի, ռեսուրսներ և էներգիա խնայող, առավել մաքուր տեխնոլոգիաների մշակման և ներդրման համար»:

Արամայիս Գրիգորյանը նիստի մասնակիցներին հայտնել է, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում կատարելագործվում է քիմիական նյութերի և թափոնների վերաբերյալ օրենսդրական բազան` նպատակ ունենալով կիրառել արդյունավետ միջոցներ ռիսկի նվազեցման համար:

Բնապահպանության նախարարն այցի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար տիկին Բարբարա Հենդրիքսի հետ, որի ընթացքում քննարկվել են բնապահպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցության առկա վիճակը և հեռանկարները, մասնավորապես` սույն թվականի սեպտեմբերի 8-ին Բեռլինում նախարարների միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և հետագա քայլերը:

Արամայիս Գրիգորյանը հանդիպել է նաև Ստոկհոլմի, Բազելի և Ռոտերդամի կոնվենցիաների գործադիր քարտուղար Ռոլֆ Պայեի հետ: Քննարկվել են նշված կոնվենցիաների շրջանակներում ծավալված համագործակցության ներկա վիճակը և հեռանկարային ծրագրերը:

<
>