Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովին ընդառաջ տեղի է ունեցել կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ ասուլիս

27-11-2015

Նոյեմբերի 30-ին Փարիզում կմեկնարկի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովը /ՄԱԿ-ի COP21/, որին ընդառաջ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) նախաձեռնությամբ Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը կազմակերպվել է համատեղ մամլո ասուլիս ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Կլեր Մեդինայի և WWF- Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի մասնակցությամբ:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանությունը ներկայացնող ֆոտոցուցահանդես, որը կազմակերպվել է WWF- Հայաստանի ջանքերով՝ ներկայացնելու համար Գերմանիայի կողմից Հայաստանում կենսաբազմազանության պահպանության ու կայուն զարգացման ուղղությամբ ներդրվող ջանքերը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, ողջունելով հյուրերին և կարևորելով կլիմայի փոփոխությունների խնդիրների նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը, նշել է. "Հաջորդ շաբաթ կայանալու է ՄԱԿ-ի COP21 – Կլիմայի համաշխարհային համաժողովը, որին մեծ ուշադրություն է դարձնում նաև ԳԴՀ-ն և իր մշտական աջակցությունն է ցուցաբերում COP21-ին միջազգային ասպարեզում: Այսպես, օրինակ Հայաստանում աջակցություն է ցուցաբերել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ ազգային զեկույցի պատրաստման հարցում: Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն նախարարին ակտիվ և սերտ համագործակցության համար: Նշեմ, որ Կովկասի տարածաշրջանում իրականացվող մեր նախաձեռնություններում բնապահպանությունը ի սկզբանե՝ 2001թ-ից, եղել է առաջնահերթությունների շարքում: Մեր նպատակն է պահպանել տարածաշրջանի հարուստ կենսաբազմազանությունը»:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, իր առանձնահատուկ շնորհակալությունն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և գերմանական կազմակերպություններին /WWF, KFW, CNF, NABU և այլն/ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցերում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար, նշելով, որ ներկայացված ֆոտոշարքը միայն մի փոքր մասն է այն հարուստ կենսաբազմազանության, որ ունի մեր երկիրը և որը պահպանվում է համատեղ ջանքերով: Անդրադառնալով Կլիմայի համաշխարհային գագաթաժողովին՝ նախարարը նշել է. "Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն արդեն իսկ պատրաստել է գործողությունների իր ազգային ծրագիրը: Գիտակցելով կլիմայի փոփոխության վտանգավոր հետևանքները՝ մենք պարտավոր ենք պահպանել և ավելացնել կանաչ տարածքները և ջրային ռեսուրսները: Գործողությունների ծրագրով Հայաստանը պարտավորվում է չգերազանցել մեկ անձի համար սահմանված 2,5տ ջերմոցային գազերի արտանետումների թույլատրելի սահմանը մինչև 2050 թվականը, իսկ այնուհետև նաև կաշխատի նվազեցման ուղղությամբ մինչև 2տ: Ես լիահույս եմ, որ Փարիզի գագաթնաժողովում մասնակից բոլոր երկրները բավականաչափ կամք կցուցաբերեն՝ համապատասխան պարտավորություններ ստանձնելու և դրանց կատարման ուղղությամբ":

Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր ելույթում նշել է. "Չնայած Ֆրանսիային պատուհասած մեծ ողբերգությանը՝ Ֆրանսիայի Հանրապետությունը փոփոխություններ չմտցրեց պլաններում և Կլիմայի համաշխարհային համաժողովը տեղի կունենա սահմանված ժամկետներում: Նոյեմբերի 30-ից սկսած՝ շուրջ 10 օր Ֆրանսիայում կհյուրընկալվեն բարձր մակարդակով պատվիրակություններ աշխարհի մոտ 150 երկրներից: Գագաթաժողովն առանձնահատուկ է այն իմաստով, որ նախատեսվում է ստորագրել իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որի սահմանած պարտավորությունները պարտադիր կլինեն դրանք ստանձնած երկրների համար: Սպասենք այս կարևորագույն իրադարձությանը":

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Կլեր Մեդինան ողջունել է կազմակերպված ցուցահանդեսի գաղափարը և անդրադառնալով Փարիզում կայանալիք գագաթնաժողովին, որակել այն որպես դարակազմիկ իրադարձություն, քանի որ քննարկվելու է ողջ երկրագնդի առջև ծառացած մարտահրավերը, կազմվելու է իրավական փաստաթուղթ, որի իրագործումը չափազանց կարևոր է լինելու բոլորի համար:

WWF-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, շնորհակալություն հայտնելով Գերմանիայի դեսպանատանը նման միջոցառում կազմակերպելու հարցում ցուցաբերած աջակցության համար, նշել է, որ այն ցուցահանդես-աճուրդ կազմակերպելու առաջին փորձն է և որ աճուրդի ողջ հասույթը փոխանցվելու է "Գնիշիկ" համայնքային պահպանվող տարածքին: «Գնիշիկը համայնքային պահպանվող տարածքի յուրահատուկ մոդել է, որի օրինակը կարեի է տարածել նաև հանրապետության այլ համայնքներում ևս",-նկատել է բանախոսը:

<
>