ՀՀ կառավարության 10.12.2015թ-ի հերթական նիստում հաստատվել Է բնապահպանության ոլորտին առնչվող որոշում

10-12-2015

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այսօր ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի նախագիծը:

Հայաստանի Հանրապետությունը 1993թվականին վավերացրել է <<Կենսաբանական բազմազանության մասին>> Միավորված Ազգերի Կազմակերպության կոնվենցիան, որի 6-րդ հոդվածի և <<Բուսական աշխարհի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի և <<Կենդանական աշխարհի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի համաձայն անհրաժեշտ է մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունել <<Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը>>:

2010 թվականին ընդունվել է <<Կենսաբանական բազմազանության մասին>> կոնվենցիայի 10-ամյա Ռազմավարական պլանը, որի իրականացման համար ընդունվել են նաև Այիչիի 20 նպատակային խնդիրները: Համաձայն Այիչիի 17-րդ Նպատակային խնդրի պահանջների՝ կոնվենցիային կողմ երկրները պետք է վերանայեն և համապատասխանեցնեն կենսաբանական բազմազանության վերաբերյալ ռազմավարությունը կոնվենցիայի 10-ամյա Ռազմավարական պլանին:

Քանի որ անցած ժամանակահատվածում Հայաստանում զգալի փոփոխություններ են արձանագրվել կենսաբանական բազմազանությանն առընչվող օրենսդրության կատարելագործման և ինստիտուցիոնալ համակարգի հզորացման ուղղություններով, առավել ակտիվացել է միջազգային համագործակցությունը, իրականացվել են մի շարք ծրագրեր, կատարվել են նոր ուսումնասիրություններ: Այս ամենի արդյունքում 1999թ. մշակված <<Հայաստանի կենսաբանական բազմազանության ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը>> հիմնարար վերանայման անհրաժեշտություն ունի:

Ուստի սույն նախագծով առաջարկվում է՝

1. ստեղծել նորմատիվա-մեթոդական հիմքեր էկոհամակարգային ծառայությունների արժեքավորման գործընթացը ներդնելու համար.

2. սահմանել կենսաբանական պաշարների գնահատման և օգտագործման ենթակա չափաքանակների որոշման մեխանիզմները.

3. մշակել ex-situ (տեսակների պահպանությունը բնակմիջավայրից դուրս) հավաքածուներ պահպանող հաստատու¬թյուն¬ների միջև տվյալների փոխանակման կարգ և ներառել ազգային ու միջազգային կատալոգներում պահպանվող նմուշների վերաբերյալ անձնագրային և բնութագրման տվյալներ.

4. գույքագրել ու քարտեզագրել անտառային և արոտավայրային դեգրադացված ու մասնատված էկոհամակարգերը, բացահայտել բնակմիջավայրերի կորստի ուղղակի և անուղղակի պատճառները.

5. անցակցնել բուսա-կենդանական տեսակների գնահատում ըստ Բնության պահպանության միջազգային միության չափանիշների, պատրաստել վտանգված տեսակների բնակմիջավայրերի երկրատեղեկատվական համակարգի քարտեզները.

6. բացահայտել լայն կիրառում ունեցող բուսատեսակները և որսակենդանիները, գնահատել դրանց պաշարները և որոշել հավաքի/որսի չափաքանակները.

7. մշակել և իրականացնել համայնքներում էկո- և ագրոզբոսաշրջության զարգացման ծրագրեր.

8. ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել <<Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջգերատեսչական համակարգող խորհուրդ.

9. մշակել և իրականացնել կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման և տեղեկատվության տարածման ծրագիր.

10. սահմանել կենսաբազմազանության հիմնախնդիրներին առնչվող գիտական հետազոտությունների գերակա ուղղությունները և դրանց շրջանակներում իրականացնել գիտական ծրագրեր.

11. տարբեր թիրախային խմբերի համար կազմակերպել կենսաբազմազանության ոլորտում գիտելիքների ձեռքբերման և որակավորման բարձրացման դասընթացներ:

Նախագծի ընդունումով կկատարելագործվեն Հայաստանի կենսաբանական բազմազանությանն առընչվող օրենսդրությունը և կառավարման համակարգը, ճյուղային քաղաքական փաստաթղթերում և ծրագրերում հաշվի կառնվեն կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների պահպանության հարցերը, կբացահայտվեն և կկանխարգելվեն կենսաբազմազանությանը սպառնացող հիմնական վտանգները, կենսաբանական պաշարների կայուն օգտագործման միջոցով տնտեսական օգուտներ կստեղծվեն բնակչության համար, համայնքների համար կապահովվի լրացուցիչ/այլընտրանքային եկամուտներ, մշակաբույ¬սե¬րի հին ավանդական սորտերի գենոֆոնդը արդյունավետ կպահպանվի, կընդլայնվի միջազգային համագործակցությունը: Որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այս օրերին գտնվում է Փարիզում ՄԱԿ-ի "Կլիմայի փոփոխության մասին" շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովի շրջանակներում:

<
>