Մեկնարկել է <<Հայաստանի գյուղական համայնքներում ագրոկենսաբազմազանության պահպանության և օգտագործման միջոցով կենսապայմանների բարելավում>> ծրագիրը

01-03-2016

Սույն թվականի մարտի 1-ին մեկնարկել է <<Հայաստանի գյուղական համայնքներում ագրոկենսաբազմազանության պահպանության և օգտագործման միջոցով կենսապայմանների բարելավում>> ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի աջակցությամբ:

Ծրագրի թիրախային տարածքներն են Արարատյան հարթավայրը, Սյունիքի մարզը, Սևանի ավազանը և հարող տարածքները: Վերոնշյալ տարածքներում նախատեսված գործողությունները մի կողմից կնպաստեն վայրի բուսատեսակների և կենսաբազմազանության պահպանմանը, մյուս կողմից հնարավորություն կստեղծեն համայնքների բնակչության եկամուտների աճի ավելացման և իրացման նոր շուկաների ներգրավման համար: Պատասխանատու գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված փոխգործակցության արդյունքում ծրագրային տարածքներում առկա հողօգտագործողները և այգեգործները, կիրառելով և կատարելագործելով իրենց հմտություններն ու կարողությունները, կկարողանան վարել գյուղատնտեսական կենսաբազմազանությանը համահունչ տնտեսություն և համապատասխան գործելակերպ, ինչն էլ կխթանի ավանդական մշակաբույսերի տեսակների, մշակաբույսերի վայրի ցեղակիցների, դեղաբույսերի, փոշոտիչների /pollinators/ և այլ օգտակար միջատների պահպանմանն ու օգտագործմանը:

<<Հայաստանի գյուղական համայնքներում ագրոկենսաբազմազանության պահպանության և օգտագործման միջոցով կենսապայմանների բարելավում>> ծրագրի մեկնարկային աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ նա մասնավորապես նշել է. <<Կլիմայի փոփոխությունների հետևանքների դեմ պայքարի և հարմարվողականության խնդիրներից զերծ չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Մեր երկիրն այսօր կանգնած է բնապահպանական մի շարք մարտահրավերների առջև, որոնց հաղթահարման և հարմարվողականության նպատակով նախատեսվող միջոցառումների շրջանակներում իրականացվող ծրագրերով համայնքներում պլանավորվում է ներդնել ագրոկենսաբազմազանության կայուն կառավարման այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են հողերի կայուն կառավարման նորագույն փորձը, վայրի բուսական պաշարների արժեքավոր բուսատեսակների հավաքման և կայուն բերքատվության մեխանիզմների ապահովումը, ֆերմերային տնտեսությունների վարման տեխնոլոգիաների կատարելագործումը, համաշխարհային լավագույն փորձի կիրառումը և էկոլոգիապես մաքուր արտադրանքի սպառման նոր շուկաների ներգրավումը>>:

Ծրագրի կառավարման և համակարգման պատասխանատու, կենսաբազմազանության ԳԷՀ տարածաշրջանային համակարգող Մարիետա Սակալյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն ու ակտիվությունը բնապահպանության և ագրոկենսաբազմազանության կայուն կառավարման և համայնքների զարգացման գործում:

Ծրագրի ազգային համակարգող Արմեն Դանիելյանը, անդրադառնալով ծրագրի նպատակներին և խնդիրներին, նշել է. <<Ագրոկենսաբազմազանության ծրագիրը նպատակ ունի ազգային ինստիտուցիոնալ կառույցների մասնակցային մեխանիզմների կատարելագործման և ամրապնդման միջոցով ապահովել բնապահպանական ռիսկերի նվազեցմամբ ագրոկենսաբազմազանության կայուն կառավարում և գյուղական համայնքների բնակչության եկամուտների ավելացում>>:

   

 

<
>