Քննարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության և KfW բանկի միջև իրականացվող Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրերը

10-03-2016

ՀՀ բնապահպանության նախարարության և KfW բանկի միջև իրականացվող Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրերի շրջանակներում աշխատանքային այցով ՀՀ-ում է եղել KfW բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար Անդրեաս Վետսելը:

Այցի շրջանակներում Անդրեաս Վետսելն այցելել է <<Զանգեզուր կենսոլորտային համալիր>>՝ ծանոթանալու Հայաստանի պահպանվող տարածքներում աջակցման ծրագրի իրականացման ընթացիկ վիճակին, հանդիպել Սյունիքի մարզի վարչական պատասխանատուների, ՀՀ բնապահպանության նախարարության ծրագրեր իրականացման գրասենյակի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ գնահատելու համար համատեղ իրականացվող ծրագրերի առաջխաղացման արդյունքներն ու հեռանկարները:

Այցի շրջանակներում Ա. Վետսելին ընդունել է նաև ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը: Ողջունելով հյուրին՝ նախարարի տեղակալը մասնավորապես նշել է. <<ՀՀ բնապահպանության նախարարությունը բարձր է գնահատում KfW բանկի աջակցությունը Հայաստանում իրականացվող տարբեր բնապահպանական ծրագրերի իրականացման ֆինանսավորման և աջակցության ուղղությամբ: Տարիների համագործակցությունը տվել է իր դրական արդյունքները դինամիկ առաջխաղացում ապահովելով ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ պահպանության, կառավարման և կարողությունների զարգացման ուղղությամբ, որի վառ ապացույցն է, օրինակ, Արփի լիճ ազգային պարկի ստեղծումը: Ինչ վերաբերում է <<Զանգեզուր կենսոլորտային համալիրին>>, ապա վստահ ենք, որ այս ծրագիրը ևս մոտ ապագայում կունենա իր ցանկալի արդյունքը:

Ա. Վետսելը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կիսվել է <<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> կատարած իր այցի դրական տպավորություններով և հույս հայտնել, որ իրականացվող միջոցառումներն ու ներդրվող ռեսուրսները կարճ ժամանակ անց տեսանելի արդյունք կտան: Վերջինս նաև կարևորել է իրականացվող ծրագրերի անդրսահմանային նշանակությունը, ինչպես նաև պահպանվող տարածքների կենսաբազմազանության կայուն կառավարումն ու հարակից համայնքների տնտեսական առաջխաղացման վրա դրանց ունեցած ազդեցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են KfW բանկի կողմից ֆինանսավորվող հիմնադրամների գործունեությանն առնչվող որոշ հարցեր:

<
>