ՀՀ բնապահպանության նախարարության 2016թ. գերակա խնդիրները և միջոցառումները

12-03-2016

ՀՀ կառավարությունը 2016թ. հունվարի 14 N 131-Ն որոշմամբ հաստատել է ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները:

ՀՀ բնապահպանության նախարարության 2016թ. գերակա խնդիրն է Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքների իրականացում: Այս նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին նախատեսված 7624.3 հազ. դրամով Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացնել.

- սիգի արդյունագործական պաշարների, գիրացող և ձվադրող վտառի, գծային ու քաշային աճի որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում,

- կարասի արդյունագործական պաշարների, բեղունության, ձվադրավայրերի, ձվադրման ժամկետների, գծային ու քաշային աճի որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում,

- էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի, ամառային իշխան, կողակ) վտառի, ձվադրավայրերի վիճակի գնահատում, ձվադրմանը գնացող ժամկետների, քանակի, կենսաբանական վիճակի, ձվադրմանը խոչընդոտող պայմանների որոշում,

- խեցգետնի սննդառության, արդյունագործական պաշարների, սեզոնային բաշխվածության` ըստ խորության և տարածքի, գծային և քաշային աճի` ըստ տարիքաչափսային խմբերի, բեղունության որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում

Երկրորդ գերակա խնդրով նախատեսված է Էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնի ստեղծում, որի շրջանակներում Երևանում գտնվող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տարածքում միջազգային ֆինանսավորմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում Էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոն:

ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրերով ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայացնելու է «Հարավային ջրավազանային կառավարման պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ջրավազանային կառավարման պլանի մշակումը, կազմումը և ընդունումը նպատակաուղղված է հավասարակշռելու ջրօգտագործողների՝ ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության փոխկապակցված փոխհարաբերությունները: Պլանի մշակումը նպաստելու է ջրային ռեսուրսի արդյունավետ կառավարմանը և պահպանմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսի խնայողությանը, ջրի ազգային ու ռազմավարական պաշարների պահպանմանը և ավելացմանը:

Կառավարության հաստատման է ներկայացվելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն և 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման և մշտադիտարկումների իրականացման վճարների վերանայման կանոնակարգում՝ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման ընթացքում, վերանայված վճարների գանձման և օգտագործման արդյունավետ մեխանիզմների սահմանում:

ՀՀ կառավարություն է ներկայացվելու «Հայաստանի Հանրապետությունում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը: Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր նյութերի հետ կապված հիմնախնդիրների լուծման նպատակով առաջարկվող միջոցառումների իրականացում, որոնք նպատակաուղղված են կայուն օրգանական աղտոտիչների օգտագործման դադարեցմանը, դրանց արտանետումների կրճատմանը և կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների ոչնչացմանը, կնպաստի մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությանն այդ վտանգավոր նյութերի վնասակար ազդեցությունից:

Մշակվելու է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2017 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսված է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների կատարման ապահովում, այդ թվում` Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության, hիդրոկենսաբանական, հիդրոօդերևութաբանական, ինժեներաերկրաբանական մոնիթորինգի իրականացման, ջրածածկման ենթակա տարածքներում անտառամաքրման, ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, աղբավայրերի բարեկարգման և անխափան աղբաթափման, արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության, «Սևան» ԱՊ գիտական ուսումնասիրությունների և անտառատնտեսական աշխատանքների, ինչպես նաև այլ միջոցառումների կատարման ապահովում:

Մշակվելու և կառավարության հաստման է ներկայացվելու «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ կողմից վավերացված մի շարք բնապահպանական կոնվենցիաներից բխող Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող 2017-2022 թվականների ժամանակահատվածի համար միջոցառումների ցանկի ընդունումը հնարավորություն կտա կարգավորել և իրականացնել այդ կոնվենցիաներից բխող ՀՀ ստանձնած պարտավորությունները:

Հաստատման է ներկայացվելու «Դիլիջան» ազգային պարկի 2016-2025 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հաստատվելու է Ազգային պարկի համար 10-ամյա կառավարման պլան` պարկի համար երկարաժամկետ կայուն զարգացման, բնապահպանական և տնտեսական զարգացման ուղղությունների ներդաշնակեցման ապահովման նպատակով:

 

<
>