Ս.թ. մարտի 31-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել են բնապահպանության ոլորտին առնչվող մի շարք որոշումներ

05-04-2016

ՀՀ կառավարության հաստատմանն են ներկայացվել <<Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման և <<Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծերը: Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն, ապահովելով դրանց պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը: Նախագծով հաշվարկվել են Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարը: 2016-2021թթ. ժամանակահատվածի համար կատարվել է Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծություն` տնտեսության զարգացման բազիսային (ելակետային) և լավատեսական սցենարներով:

ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև <<Հող հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը ներկայում չեն բավարարում համայնքում անասնապահության կարիքները հոգալու համար: Խնդրին լուծում տալու համար համայնքի անմիջական հարակից` ազգային պարկին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված 140 հա տարածքը, որը նախկինում բնակիչների կողմից օգտագործվել է անասնապահության նպատակով նախատեսվում է հատկացնել Շաղիկ համայնքին, որպես խոտհարք օգտագործելու համար: Որոշման ընդունմամբ կճշգրտվեն <<Արփի լիճ>> ազգային պարկի և համայնքների սահմանները, ինչպես նաև Շաղիկ համայնքին կհատկացվի վերը նշված 140 հա տարածքը` որպես խոտհարք օգտագործելու համար:

Մեկ այլ նախագծով հաստատման է ներկայացվել <<Հայաuտանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մաuին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող մի շարք դրամաշնորհային ծրագրեր ՀՀ 2016 թվականի պետական բյուջե ներառելու անհրաժեշտությամբ: Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման համապատասխան ցուցանիշներում:

Հաստատման է ներկայացվել նաև <<Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման գործընթացը շարունակելու անհրաժեշտությամբ: ՀՀ պետական բյուջեից հատկացվող 18.0 մլն. դրամ (այդ թվում` 6.0 մլն.դրամը ՀՀ բնապահպանության նախարարության պահպանման ծախսերով վառելիքի գնման շրջանակներում տնտեսված գումարի հաշվին) ֆինանսավորմամբ նախատեսվում է շարունակել Արարատյան դաշտավայրում հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքները: Նախնական տվյալներով հնարավոր կլինի նշված գումարի շրջանակներում լուծարել 5 և կոնսերվացնել շուրջ 15 հոր՝ համաձայն <<Հայջրնախագիծ ինստիտուտ>> ՓԲԸ-ի կողմից մշակված Արարատյան դաշտավայրի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման եղանակների:

<
>