ՀՀ և ՌԴ բնապահպանության ոլորտում ստորագրվեց համագործակցության հուշագիր

08-04-2016

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով սույն թվականի ապրիլի 7-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների ու էկոլոգիայի նախարարության միջև:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի և ՌԴ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Սերգեյ Դոնսկոյի կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում համագործակցույթունը կողմերի միջև կիրականացվի հետևյալ ուղղություններով.

• շրջակա միջավայրի վրա ազդեցության նորմավորում, շրջակա միջավայրի և ընդերքօգտագործման ոլորտներում ստանդարտացում և սերտիֆիկացում

• շրջակա միջավայրի պահպանության բնագավառում տնտեսական կարգավորում և կայուն բնօգտագործում

• կենսաբազմազանության պահպանություն և կայուն օգտագործում

• բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացում, ԲՀՊՏ-ների գործունեության կառավարում

• քիմիական նյութերի և թափոնների (բացառությամբ ռադիոակտիվ) գործածության կարգավորում

• հանքարդյունաբերական գործունեության արդյունքում վնասված հողերի վերականգնում

• բնապահպանական պետական վերահսկողության կազմակերպում և իրագործում;

• շրջակա միջավայրի իրավիճակի մոնիթորինգ

• շրջակա միջավայրի պահպանության բնագավառում պետական կառավարման ոլորտում տեխնոլոգիական և ինովացիոն համագործակցության զարգացում:

Կողմերի միջև համագործակցությունը սույն Հուշագրում նշված ուղղություններով կարող է իրականացվել փորձագետների փոխանակման, մասնագետների խորհրդակցությունների անցկացման, երկկողմ ծրագրերի իրականացման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում միջազգային ծրագրերին համատեղ մասնակցություն ցուցաբերելու միջոցով:

Հուշագրի դրույթներն իրականացնելու համար Կողմերը կստեղծեն աշխատանքային խումբ՝ բաղկացած Կողմերի ներկայացուցիչներից և Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության այլ շահագրգիռ գերատեսչություններից:

<
>