ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեի գլխավորած պատվիրակությանը

19-05-2016

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեի գլխավորած գերմանական գործարարների պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում են համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Վեոլիա Գերմանիա» կեղտաջրերի կառավարման, «Ռեմոնդիս գրուփ» վերամշակման ծառայություններ մատուցող, «Թի Շվենդը» թեյի արտադրության, «Էներգինսեր» էներգետիկայի, «Վիվարա» բնապահպանական, «Թրասթ Վերսիխերունգսմակլա» ապահովագրական, «Գուլփեն և Գարայ» իրավաբանական ծառայություններ մատուցող, «Վոլկսվագեն» ավտոարտադրող և «Բրենդս ֆեյշըն» հագուստի արտադրության ընկերությունները:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, կարևորելով տնտեսական գործունեության մեջ բնապահպանական առաջնահերթությունների ներդրումը, օրինակելի է համարել գերմանական գործարարների համագործակցությունը Գերմանիայի բնության պահպանության միության հետ, ինչպես նաև ողջունել վերջիններիս այցը և հետաքրքրվածությունը Հայաստանով: Նա մասնավորապես նշել է. "Դեռևս 2000 թվականից ՀՀ բնապահպանության նախարարությունը արդյունավետ համագործակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ և ընդգրկված է Գերմանիայի կառավարության "Կովկասյան նախաձեռնություն" գործընթացում: Նախարարությունն ակտիվորեն մասնակցում է Գերմանիայի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերին և նախաձեռնություններին: Որպես զարգացող երկիր՝ մենք կարևորում ենք տնտեսության զարգացման հնարավորությունների ավելացումը՝ շեշտադրելով կանաչ էկոնոմիկայի գաղափարի ներդրումը այդ ոլորտում: Այդ ճանապարհին մենք ունենք աջակցության և փորձի փոխանակման անհրաժեշտություն, և կարծում եմ, որ այս հանդիպումը լավ հիմք կլինի հայ-գերմանական բնապահպանության ոլորտի համագործակցությանն ավելացնելու նաև գործարար ոլորտի փոխգործակցության հեռանկարների համար: Այս համատեքստում մեր երկիրն իր բացառիկ և հարուստ կենսաբազմազանությամբ, այլընտրանքային էներգիայի աղբյուրներով զարգացման լայն հնարավորություններ ունի":

Պատվիրակության նախագահ Օլաֆ Չիմպկեն, շնորհակալություն հայտնելով հրավերի և ընդունելության համար, նշել է, որ պատվիրակության նպատակն է ծանոթանալ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությանը, այցելել Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներ և պատմամշակութային վայրեր, բացահայտել բիզնեսի ոլորտում հնարավոր համագործակցության ուղիները, ինչպես նաև գործնական կապեր ստեղծել հետագա փոխգործակցությունն ակտիվացնելու նպատակով:

Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ են փոխանակել՝ ի նշան գործընկերային հարաբերությունների սերտացման:

Այցելության շրջանակներում պատվիրակության անդամները կլինեն "Սևան" և "Դիլիջան" ազգային պարկերում՝ տեղում ծանոթանալու ազգային պարկերի գործունեությանը և հարակից տնտեսական գոտիներում գործարար ակտիվություն ծավալելու հեռանկարներին:

 

<
>