ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր՝ հուլիսի 1-ին նախատեսված լողափնյա հանգստի շրջանի բացման համատեքստում ամփոփելու հանրային լողափերում իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքները: Նրանք շրջայց են կատարել հանրային երեք լողափերով, ծանոթացել հանրային սպասարկման ծառայությունների մատուցման և հանգստացողների անվտանգության ուղղությամբ կատարված աշխատանքներին: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և Գեղարքունիքի
մարզպետարանի համատեղ ուժերով հուլիսի 1-ից հանրային լողափերում կգործեն նաև անվճար բժշկական և փրկարարական ծառայությունները, ինչպես նաև տարածքային ոստիկանության ուժերի կողմից կիրականացվի հերթապահություն: Լողափերում հանգստի կազմակերպման, անվտանգության ապահովման և փրկարարական աշխատանքների իրականացման պատրաստվածության շուրջ Արամայիս Գրիգորյանը զրուցել է տեղում ծառայություն իրականացնող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ներկայացուցիչների և բուժկետերի բժշկական անձնակազմերի հետ:
Նախարար Արամայիս Գրիգորյանը զրուցել է նաև տեղում արդեն իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիների հետ, որոնք իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել ընձեռված հանգստի լավ պայմանների համար:
«Սևանա լճի ափերին ներկայում գործում է 11 հանրային լողափ՝ 32.46 հա ընդհանուր մակերեսով, որից 3-ը ծառայությունների մատուցմամբ լողափեր են, իսկ 8-ը՝ կարճատև հանգստի համար նախատեսված, առանց ծառայությունների մատուցման լողափեր: Շրջայցի նպատակն է տեղում դիտարկել կատարված աշխատանքները և արձանագրած փոքր թերությունները շտկել, որպեսզի հուլիսի 1-ից քաղաքացիները լիարժեք կարողանան օգտվել հանրային լողափերից: Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի և այլ երկրների մեծ թվով քաղաքացիներ օգտվում են հանրային լողափերի ծառայություններից»,- հայտնել է նախարար Արամայիս Գրիգորյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
ՀՀ բնապահպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում առաջին անգամ ծրագրավորվում է համայնքի հետ համատեղ իրականացնել ծրագիր` 8-րդ հանրային լողափը նոր` ավելի բարձր չափանիշներով կառուցելու համար: Ծովագյուղ համայնքը պարտավորություն է վերցրել 16 մլն դրամով համաֆինանսավորելու լողափի կառուցման աշխատանքները, ևս 10 մլն դրամ կտրամադրի «Սևան» ազգային պարկը և նախատեսվում է նաև ներգրավել դրամաշնորհային միջոցներ: Ի տարբերություն մյուս երեք լողափերի` նոր հանրային լողափը ծառայություններ կմատուցի ողջ տարին: Նախատեսվում է կառուցել քոթեջներ, ինչպես նաև լողավազաններ մեծահասակների և փոքր տարիքի երեխաների համար, որոնք կտաքացվեն նաև ձմռան ամիսներին: Նույն լողափում լինելու է նաև համապատասխան ծառայություններով անվճար հատված և քաղաքացիներն իրենց ցանկությամբ կարող են օգտվել նաև վճարովի ծառայություններից: Ըստ Արամայիս Գրիգորյանի` նոր լողափում վճարովի ծառայություններից ստացված հասույթը ուղղվելու է նաև մյուս 3 լողափերի պահպանման խնդիրների լուծմանը:
Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը և նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին` կարճ ժամանակահատվածում վերացնել արձանագրված փոքր թերությունները և հուլիսի 1-ից հանրային լողափերում այցելուների համար ապահովել առավելագույն հարմարավետություն:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց