Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Եվրասիական երկրների CITES-ի ազգային համակարգողների հանդիպումը

24-08-2016

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 24-26-ը Երևանում անցկացվում է միջազգային աշխատաժողով CITES-ի/Անհետացման Եզրին Գտնվող Վայրի Կենդանական Ու Բուսական Աշխարհի Տեսակների Միջազգային Առեվտրի Մասին Կոնվենցիա/ կոնվենցիայի ազգային 25 համակարգողի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ` հյուրընկալելով շուրջ 8 ԱՊՀ, եվրոպական և ասիական երկրի պատվիրակների:

Աշխատաժողովի հիմնական թեմաները վերաբերում են CITES -ի հավելվածներում ներառված մի շարք վտանգված կենդանատեսակների (թեփամորթեր, շնաձկներ, ժակո թութակներ, աֆրիկյան առյուծներ) տեղափոխմանը CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածից 1-ին հավելված, փղոսկրերի առևտրի արգելմանը, կենդանի փղերի առևտրին, ինչը վերջիններիս միջազգային առևտուրն ու տեղաշարժը երկրից երկիր էլ ավելի կխստացնի, կկարգավորի և վերահսկելի կդարձնի տեղական իշխանությունների կողմից` նպաստելով անօրինական գործարքների քանակի նվազեցմանն ու վերոնշյալ տեսակների պահպանմանը:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ CITES-ի կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է 2008 թվականից և արդեն 2009 թվականին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով կարգավորվում է Հայաստան վայրի կենդանատեսակների, բուսատեսակների և նրանցից պատրաստված իրերի ներմուծումը և արտահանումը: Այս գործառույթը Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ: «Եռօրյա աշխատաժողովի ժամանակ կքննարկվեն Կոնվենցիայի կողմերի 17-րդ հանդիպմանն ընդունվելիք բոլոր փաստաթղթերը: 8 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների արդյունքում կձևավորվեն համաձայնեցված մոտեցումներ, որոնցով վերջիններս կմասնակցեն CITES-ի կոնվենցիայի կողմերի սեպտեմբերի 22-ի հանդիպմանը»,- նշել է Խ. Հակոբյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր (FPWC) Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ իր ղեկավարած հիմնադրամը, կարևորելով վայրի կենդանիների և բույսերի պահպանությունը և համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության հետ, արդեն երկրորդ անգամ Հայաստանում կազմակերպում է նման քննարկում, ինչը նպաստում է վայրի կենդանիների և բույսերի ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Կենդանիների պահպանության միջազգային հիմնադրամի Ռուսաստանի մասնաճյուղի (IFAW) ղեկավար Մարիա Վորոնցովան, շնորհակալություն հայտնելով աշխատաժողովը Հայաստանում կազմակերպելու համար, ներկայացրել է CITES-ի կոնվենցիայի շրջանակներում իրականացվող աշխատանքները և առաջիկա քննարկվելիք հարցերը:

Երևանում կազմակերպված հանդիպումը նպատակաուղղված է նաև մինչև Հարավային Աֆրիկայում նախատեսված CITES-ի կոնվենցիայի տարեկան խորհրդաժողովը, որին սեպտեմբերի 17-ին կմասնակցի նաև ՀՀ Բնապահպանության նախարարության պատվիրակությունը, Եվրասիական երկրների պատվիրակների միասնական դիրքորոշման ձևավորմանը:

Աշխատաժողովի առաջին օրը մասնակիցներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Աշխատաժողովը կազմակերպել էին ՀՀ բնապահպանության նախարարությունը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` The Pew բարեգործական միավորման և Կենդանիների պահպանության միջազգային հիմնադրամի (IFAW) աջակցությամբ:

Տեղեկանք

Անհետացման Եզրին Գտնվող Վայրի Կենդանական Ու Բուսական Աշխարհի Տեսակների Միջազգային Առեվտրի Մասին Կոնվենցիան (CITES) միջազգային համաձայնագիր է Կառավարությունների միջև, որի նպատակը վայրի կենդանատեսակների և բուսատեսակների առևտրի կանոնակարգումն է` ուղղված վերջիններիս պահպանմանը:

CITES-ը վերահսկում է վայրի կենդանիների ու բույսերի` երկրից երկիր կամ ծովից ծով տեղաշարժը, իսկ կենդանիների կամ բույսերի ներմուծումները, արտահանումներն ու վերարտահանումները կանոնակարգվում են համապատասխան թույլտվությունների տրամադրման միջոցով:

Հայաստանի Հանրապետությունը միացել է CITES միջազգային կոնվենցիային 2009թվականին, և ունի համապատասխան ներկայացուցիչ ՀՀ Կառավարությունում` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության:

<
>