ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` վտանգավոր քիմիական թափոնների կառավարման և ժամանակավոր պահպանման ազգային կենտրոնի հիմնման հետ կապված խնդիրների վերաբերյալ

11-10-2016

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից համատեղ իրականացվելիք <<Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում>> լայնածավալ ծրագրի շրջանակներում Հրազդան քաղաքի հարևանությամբ վտանգավոր քիմիական թափոնների կառավարման և ժամանակավոր պահպանման ազգային կենտրոնի հիմնման հետ կապված խնդիրների քննարկում: 
Քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, Հրազդանի օրհուս կենտրոնի ներկայացուցիչները: Քննարկմանը հրավիրվել էին  հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խմբի  անդամներ,  ովքեր  դիմել էին  ՀՀ վարչապետին` պահանջելով շրջանառությունից  հանել  Կոտայքի մարզում վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և կառավարման կենտրոնի ստեղծման ծրագիրը:
Ողջունելով  ներկաներին և շնորհակալություն հայտնելով հրավերին արձագանքելու համար` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը կարևորել է վտանգավոր թափոնների պահեստարան կառուցելու անհրաժեշտությունը: <<Ծրագիրն արդեն սկսել է իր աշխատանքները, սկսվել է մրցութային փուլը, սակայն հանրության կողմից հնչեցվել են առարկություններ,  ուստի այսօր  կազմակերպել ենք այս հանդիպումը, որպեսզի համատեղ գտնենք լուծումները: Դժվար խնդրի առջև ենք կանգնած. 30 տարվա ժառանգությունը պետք է փորձենք վնասազերծել լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ>>, -նշել է Խ. Հակոբյանը:

Ծրագրի համառոտ ներկայացումով հանդես են եկել ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՀՀ փրկակար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը:
Ծրագրի ներկայացումից հետո ծավալվել է շահագրգիռ քննարկում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել քննարկումները նման ձևաչափով իրականացնելու համար:
Նախարարի տեղակալ Խ.Հակոբյանն առաջարկել է ծրագրի յուրաքանչյուր փուլից առաջ կազմակերպել հանրային քննարկումներ` ներգրավելով հասարակական կազմակերպությունների մասնագիտական ներուժը, որպեսզի  հստակեցվեն հետագա քայլերը և կնպաստի Ծրագրի  արդյունավետության բարձրացմանը:

 

<
>