Տեղի է ունեցել Հայաստանում բնապահպանական տեղեկատվության Օրհուս կենտրոնների համակարգման հանդիպումը

14-10-2016

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը  մասնակցել է  Հայաստանում բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնների համակարգման հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ  բնապահպանության նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները, Հայաստանի թվով 15 Օրհուս կենտրոնների համակարգողները:
  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական հարցերով պատասխանատու Մաթիաս Լիխտենբերգերն իր ողջույնի խոսքում կարևորել է Օրհուս կենտրոնների գործունեությունը, շեշտել ՀՀ բնապահպանության նախարարության հետ դրանց համագործակցության առաջնայնությունը:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, կարևորելով 2002 թվականից Հայաստանում բնապահպանական տեղեկատվության Օրհուս կենտրոնների գործունեությունը, շեշտել է, որ կենտրոնների շնորհիվ ձևավորվել է բնապահպանական տեղեկատվության տարածման և հանրային իրազեկման նոր մշակույթ: Բնապահպանության նախարարի տեղակալը նկատել է, որ  բնապահպանական խնդիրների լիարժեք լուծումը հնարավոր չէ առանց հասարակության աջակցության և նախանշել Օրհուս կենտրոնների հետ հետագա համատեղ աշխատանքները:
   Ծավալվել է շահագրգիռ քննարկում ՀՀ բնապահպանության նախարարության և բնապահպանական տեղեկատվության Օրհուս կենտրոնների համագործակցությանն և հանրային իրազեկմանն առնչվող հարցերի շուրջ:
  Հանդիպմանը քննարկվել են 2016թ. իրականացված Օրհուս կենտրոնների գործունեության գնահատման նախնական արդյունքները, կարիքները, նախանշվել բարեփոխումների հեռանկարները:

 

 

<
>