ՀՀ բնապահպանության նախարարն աշխատանքային այց է կատարել ՀՀ Գեղարքունիքի մարզ

09-11-2016

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզում: «Սևան» ազգային պարկի վարչական շենքում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, տարածքային բաժինների աշխատակիցներ, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչներ:
Քննարկվել են «Սևան» ազգային պարկի կենսաբազմազանության մոնիթորինգը ժամանակակից տեխնոլոգիաներով ուսումնասիրման, Սևանա լճի հարակից տարածքներում վարձակալության հիմունքներով տրված հանգստի ու սպասարկման օբյեկտների և հարակից համայնքների կեղտաջրերի մաքրման խնդիրները, վարձակալների կողմից պայմանագրերով նախատեսված ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր:
Շեշտելով քննարկվող հարցերի կարևորությունը` նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է սեղմ ժամկետներում ներկայացնել խնդիրների իրական վիճակը և լուծման հստակ մեխանիզմների վերաբերյալ առաջարկներ:
Անդրադարձ է կատարվել Սևանա լճի ձկան պաշարների պահպանման և ավելացման, առաջիկա օրերին սիգի և իշխանի ձվադրման համար բարենպաստ վիճակ ստեղծելու անհրաժեշտ միջոցառումներին: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետ Տիգրան Վարդանյանը և «Սևան» ազգային պարկի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Գուլանյանը ներկայացրել են երկու կառույցների իրականացրած անկախ ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց արձանագրվել են սիգի պաշարների ավելացում, ինչը դեռևս բավարար չէ լճում արդյունագործական որսի թույլատվության համար: Ձկան պաշարների ավելացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարը կարևորել է իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով որսագողության դեմ պայքարի խստացումը և նոր արդյունավետ միջոցառումների մշակումն ու իրականացումը: Արծվիկ Մինասյանը ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցչին խնդրել է մինչև շաբաթվա վերջ ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարության պատվերով Սևանա լճում իրականացված հետազոտությունների արդյունքում կազմված եզրակացությունը` ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումները մշակելու նպատակով:
ՀՀ բնապահպանության նախարարը հետևել է Գավառ քաղաքի հարակից ափամերձ հատվածում իրականացվող ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներին: Նախարարին ներկայացվել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վիճակը: 2016թ-ին նախատեսված 93 հեկտարից` սեպտեմբեր ամսվա դրությամբ մաքրվել և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան հանձնաժողովին էր հանձնվել 52 հա տարածք: Մաքրման աշխատանքներն իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված կապալառուն`«Ճամբարակ» ճանապարհաշինարարական և շահագործման ձեռնարկություն» ընկերության տնօրեն Ա. Քոչարյանը հավաստիացրել է, որ մինչև տարեվերջ կավարտեն պայմանագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալը: Արծվիկ Մինասյանն ընկերության ղեկավարների հետ տեղում քննարկել է մաքրման ժամկետների կրճատման և աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցերը, իսկ ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարել է ափամերձ հատվածի անտառտնկարկների մաքրման աշխատանքներում ավելի շատ ընդգրկել տեղի համայնքների բնակիչներին` մաքրված փայտանյութը վերջիններիս անհատույց տրամադրելու պայմանով:

<
>