Կայքը վերաթողարկման փուլում է

Տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով եղել է ՀՀ Լոռու մարզում

17-11-2017

Աշխատանքային այցով ՀՀ Լոռու մարզ մեկնած ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանը նոյեմբերի 16-ին հանդիպում է ունեցել ՀՀ Լոռու մարզպետ Ա.Նալբանդյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են մարզի գլխավոր դատախազը, մարզային ոստիկանության վարչության պետը, ՏԻՄ ներկայացուցիչներ, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, Տեսչական մարմնի  տարածքային բաժնի աշխատակիցներ։

Ողջունելով մասնակիցներին` Ե.Տերտերյանը կարևորել է Տեղական ինքնակառավարման մարմինների, ուժային կառույցների հետ սերտ համագործակցությունը բնապահպանական խնդիրների վերհանման և ամբողջական լուծման համար։

Ե.Տերտերյանը խոսել է նաև անտառտնտեսություններում իրականացվող ստուգումների և հասարակության լայն շերտերում էկոմշակույթի ձևավորման մասին։

ՀՀ Լոռու մարզպետը ներկայացրել է  բնապահպանական միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը։ 
Իր խոսքում Ա.Նալբանդյանը կարևորել է նորաստեղծ Տեսչական մարմնի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը` պատրաստակամություն հայտնելով իր լիազորությունների շրջանակում աջակցել բնապահպանական միջոցառումների իրականացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բժշկական և քիմիական թափոնների, ապօրինի հատված փայտանյութի տնօրինման, ապօրինի ծառահատումների և մի շարք այլ բնապահպանական խնդիրների հնարավոր լուծումները։ 
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց՝ ընդգծելով սերտ համագործակցության կարևորությունն ու շարունակականությունը: 

ՀՀ Լոռու մարզի «Վանաձոր» առողջարանի հարևանությամբ խորհրդանշական անվանական ծառատունկ իրականացնելուց հետո Ե.Տերտերյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժին, հանդիպել է մարզի տնտեսվարող սույբեկտների տնօրինության հետ։
Այցի ավարտին Ե. Տերտերյանը ծանոթացել է տարածքային բաժնի աշխատանքային պայմաններին, տվել  համապատասխան հանձնարարականներ։
 

<
>