Նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Օրհուսի կոնվենցիայի հիմնադրույթների արտացոլումն ազգային օրենսդրությունում» խորագրով աշխատաժողովին

02-12-2016

Դեկտեմբերի 2-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Օրհուսի կոնվենցիայի հիմնադրույթների արտացոլումն ազգային օրենսդրությունում, շրջակա միջավայրի հարցերով արդարադատության մատչելիություն»  խորագրով աշխատաժողովին: Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ու «Տնտեսական վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՀՀ բնապահպանության նախարարն իր խոսքում կարևորել է միջազգային բնապահպանական կոնվենցիայի հիմնական սկզբունքներին ազգային օրենսդրության համապատասխանեցումը, ինչն էլ մեծապես կնպաստի բնապահպանության ոլորտի լիարժեք և արդյունավետ իրավական կարգավորմանը:
2001 թվականից, անդամակցելով ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիային,Հայաստանը մեծ աշխատանքներ է իրականացրել ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: Այս առումով նախարարը կարևորել է բնապահպանական տեղեկատվական 15 Օրհուս կենտրոնների աշխատանքը:
«Օրհուս կենտրոնների գործունեության շնորհիվ ձևավորվել է փոխըմբռնման և համագործակցության նոր մոդել, որը հնարավորություն է տալիս պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և բնապահպանական հասարակական կազմակերպություններին համատեղ ընդունել երկրի առջև ծառացած էկոլոգիական մարտահրավերները և ճիշտ լուծումներ գտնել»,-նշել է Արծվիկ Մինասյանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովն իր ելույթում կարևորել է բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում պետության և քաղաքացիական հասարակության փոխգործակցության արդյունավետության բարձրացումը:
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել և ելույթներով հանդես են եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Աշխատաժողովի ընթացքում ոլորտի մասնագետների կողմից ներկայացվել է Օրհուսի կոնվենցիայի իրականացման ընթացքը, ելույթներ  են հնչեն ՀՀ նոր սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում կոնվենցիայի հիմնադրույթների արտացոլման և երաշխավորման վերաբերյալ, քննարկվել են նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեխանիզմներին վերաբերող հարցեր:

 

 

 

<
>