ՀՀ կառավարության նիստում հավանության են արժանացել բնապահպանության ոլորտին առնչվող հարցեր

08-12-2016

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ՀՀ կառավարության դեկտեմբերի 8-ի նիստում հաստատման է ներկայացրել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծեր:
Ներկայացվել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ցանկին և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ ՀՀ պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին հարցերը:
Ներկայացնելով ՀՀ-ում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին հարցը` նախարարը նշել է, որ որոշման ընդունումը կնպաստի Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանը, կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարմանը, ինչպես նաև, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության նվազեցմանն ու անվտանգության ապահովմանը:
Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ ՀՀ պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին որոշման նպատակն է հստակեցնել և ճյուղային գերատեսչությունների հետ համատեղ իրականացնել Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված համապատասխան համակարգված միջոցառումներ,  ինչը հնարավորություն կընձեռի բարելավել երկրի էկոլոգիական վիճակը, խուսափելով անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված գործողությունների կրկնություններից, որոշման ընդունումը կնպաստի նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցների ներգրավմանը:
Որոշման նախագծերը հաստատվել են ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

https://www.youtube.com/watch?v=2Z_dF5gv2y0

<
>