Կայքը վերաթողարկման փուլում է

Կայացել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության նախագծի  հանրային քննարկումը

20-11-2017

ՄԱԿ-ի հայաստանյան  գրասենյակում  տեղի են ունեցել  «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության» նախագծի հանրային լսումները: Քննարկումներին մասնակցել են Հայաստանի պետական գերատեսչությունների առաջատար բուհերի, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ով ողջունելով հյուրերին նշել է. «Ներկայում տնտեսական զարգացումներով պայմանավորված  էկոլոգիական խնդիրների խորացումն առավել ակնհայտ է դարձնում էկոկրթության և դաստիարակության դերի բարձրացման անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության  անհրաժեշտությունը և հրատապությունը պայմանավորված է երկրում ստեղծված անբարենպաստ էկոլոգիական վիճակով, որի պայմաններում դիտվում է զգալի անհամապատասխանություն տնտեսական աճի և շրջակա միջավայրի որակի միջև, որի պատճառներից մեկը հասարակական էկոլոգիական գիտակցության ու բնապահպանական վարվելաձևի խիստ ցածր մակարդակն է: Այս առումով շատ կարևոր է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակված «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարություն» նախագիծը, որը ներառված է ՀՀ կառավարության 2017 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների մեջ։ Այն իր մեջ կներառի կոնկրետ գործողություններ, կոնկրետ  ուղղություններ, և կթիրախավորի բոլոր անելիքները էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև մի շարք միջազգային կրթական և բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններից»:

Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության փաստաթղթի վերաբերյալ զեկույցով հանդես են եկել նաև Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով    ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակներում ստեղծված «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարություն» փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Սամվել Բալոյանը և      խմբի մյուս անդամները։   Ս. Բալոյանը ներկայացրել է  փաստաթղթում առկա հիմնական դրույթները, նպատակները ու խնդիրները, առկա վիճակի վերլուծությունը, ինչպես նաև ռազմավարության իրականացումից ակնկալվող արդյունքները:

Աշխատանքային խմբի անդամները և ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Վարդանյանը պատասխանել են հանրային քննարկման մասնակիցների բարձրացրած հարցերին:

Կազմակերպված լսումների ընթացքում, «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարություն» փաստաթղթի վերաբերյալ հնչել են կարծիքներ և առաջարկություններ, որոնք կընդգրկվեն ռազմավարության լրամշակված տարբերակում:  

<
>