Քննարկվել է ՇՄԱԳ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և ռազմավարական էկոլոգիական գնահատման իրականացման կարգը

08-02-2017

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի և «Հիմնադրութային փաստաթղթի ռազմավարական էկոլոգիական գնահատման իրականացման կարգը» մշակող աշխատանքային խմբի հերթական նիստը:

Ներկայացնելով աշխատանքային խմբի կատարած օրենքի փոփոխությունների փաթեթի և նոր կարգի հիմնական սկզբունքները` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը շեշտել է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է այն կիրառելու գործընթացում արձանագրված բացերի հիման վրա, իսկ «Հիմնադրութային փաստաթղթի ռազմավարական էկոլոգիական գնահատման իրականացման կարգը» բխում է վերոհիշյալ օրենքի և Հայաստանի կողմից վավերացված «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» /ԷՍՊՈ/ կոնվենցիայի պահանջներից:

Օրինագծերի և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի մշակմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետները, միջազգային փորձագետները, ինչպես նաև աշխատանքներին մասնակցելու նախաձեռնություն հայտնած հասարակական կազմակերպությունների` Civil Voice և «Գիտակցիր իրավունքդ» հասարակական կազմակերպությունների ենրկայացուցիչներ:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի մասնագետ Ազգանուշ Դռնոյանը ներկայացրել է նախագծերով առաջարկված փոփոխությունները և տեղեկացրել, որ Civil Voice հասարակական կազմակերպությունից ստացած առաջարկների հիմնական մասն ընդունվել է աշխատանքային խմբի կողմից: Ծավալվել է շահագրգիռ քննարկում, ինչի արդյունքում որոշվել է նախագծերը դնել շրջանառության մեջ, ինչին պետք է հաջորդի սահմանված կարգով դրանց վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը:

<
>